1918-ի մայիսյան օրերին ապավինեցինք մեր ուժին. ամենակարևոր գործոնը հայի հավաքական կամքն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

ղուլյան

ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Առաջին Հանրապետության օրվա 102-ամյակի առթիվ.

«1918 թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի միահամուռ կամքի ու մայիսյան հերոսամարտերում կերտած պատմական հաղթանակների շնորհիվ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, և իրականություն դարձավ բազմաթիվ հայ սերունդների դարավոր իղձը՝ հայոց անկախ պետականության վերականգնումը։

Իր երկուսուկեսամյա գոյության ընթացքում Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծեց մի արժեհամակարգ, որը կենսունակ գտնվեց անգամ տասնյակ տարիներ հետո և այսօրվա սերունդների համար ուղենիշ դարձավ՝ իրավական, ժողովրդավարական, ազատ ու ինքնիշխան երկիր կառուցելու ճանապարհին։
1918-20 թթ. Լեռնային Ղարաբաղի հայության համագումարների որոշումները՝ հայկական երկրամասը Մայր հայրենիքին միացնելու և նրա պաշտպանության հովանու տակ առնելու խնդրանք-առաջարկներով, ուղղված էին Հայաստանի առաջին հանրապետությանը:

1918-ի մայիսյան օրերին հայ ժողովուրդն ապավինեց միայն իր ուժերին ու հաղթեց՝ ցույց տալով հայերի միասնականության զորությունը։ Սարդարապատն այդ օրերին հայության զորահավաքի կենտրոնն էր, որտեղ միավորվեցին Երևանի, Արցախի, Շիրակի, Սյունիքի, Լոռվա ու պատմական Հայաստանի բոլոր հատվածների զինվորականությունը, զորավարները և աշխարհազորը: Այսօր էլ, ամենակարևոր գործոնը հայի հավաքական կամքն է, որն ի զորու է դիմակայելու թե՛ համաշխարհային, թե՛ ներքին մարտահրավերներին, իսկ Արցախի շուրջն այն կենտրոնացնելու պարագայում՝ իրականացնելու ուժեղ ու զարգացող միասնական Հայաստան ունենալու մեր երազանքը»: