Մայիսի 28-ը ինքնիշխանության և անվտանգության իրացման առանցքային խորհրդանիշն է. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

ՀՀԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության 102-ամյակի կապակցությամբ.

«Մայիսի 28-ին Հայաստանը և աշխարհասփյուռ հայությունը նշում է մայիսյան հերոսամարտերի և Հայոց առաջին Հանրապետության 102-ամյակը։

Հազարամյա մեր պատմությունում առանձնահատուկ տեղ զբաղեցնող այս օրը կրում է երկու կարևորագույն խորհուրդ. իր պատմական հայրենիքի մեծ մասում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում կայացավ հայոց ազգային գոյամարտը և մայիսյան հաղթանակներից հետո հայ ժողովուրդը մեկընդմիշտ հաստատեց իր գոյության իրավունքը։

Երկրորդը ավելի քան հինգ դար ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը, և Հայաստանի Հանրապետությունը դարձավ միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Առաջին Հանրապետությունը ձևավորվեց առաջին աշխարհամարտի օրերին և իր կարևոր դերակատարությունն ունեցավ մեր տարածաշրջանում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի գործում՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ճակատներում։
Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցեց և, ի վերջո, մաս կազմեց  աշխարհամարտի արդյունքները ձևակերպող միջազգային խաղաղության պայմանագրերին։

Հայաստանի առաջին Հանրապետությունը պաշտպանեց հայ ժողովրդի գոյության և ինքնորոշման իրավունքը նաև Արցախում և Արցախի կարգավիճակի խնդիրը ձևակերպեց՝ որպես միջազգային հիմնախնդիր։
Թեև չունենալով երկար կյանք առաջին Հանրապետությունը հիմք դրեց ներքին և արտաքին քաղաքական ինստիտուտներին, ինչպես նաև ձևավորեց այն ուղենիշները, որոնցով զարգանում է հայկական պետականությունը։

Մայիսի 28-ը, միավորելով  ազգային ազատագրական և պետականության կառուցման համար մղվող պայքարը, այսօր էլ հանդիսանում է պետականության և ողջ հայ ժողովրդի առջև կանգնած երկու գերխնդիրների` ինքնիշխանության և անվտանգության իրացման առանցքային խորհրդանիշ։ 

Շնորհավորում ենք բոլորիս Մայիսյան հերոսամարտերի և Հանրապետության տոնի առթիվ»:

Տեսանյութեր

Live

Լրահոս