Արցախի պարետը հորդորում է այս հունիսի 1-ին հատկապես պաշտպանել երեխաների առողջությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

գրիոգրի

Արցախի պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում հորդորել է հենց այս հունիսի 1-ին երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել:

«Հարգելի՛ ծնողներ, սիրելի՜ երեխաներ, առջևում հունիսի 1-ն է, երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սովորաբար,այդ հրաշալի և ամենասպասված տոնը նշանավորվում էր տարաբնույթ միջոցառումներով, մեծ զբոսանքներով, զվարճանքի վայրեր այցելելով: Այդպես յուրաքանչյուր ծնող փորձում էր օրն անմոռանալի ու առանձնահատուկ դարձնել երեխաների համար:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը, սակայն, համավարակով պայմանավորված, այս տարի պետք է խորապես պարունակի միջազգային հանրության կողմից հավանության արժանացած իմաստն ու բովանդակությունը: Եվ հիմա, ինչպես երբեք, երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը առանձնահատուկ ուշադրության կարիք ունի:

Եկեք հունիսի 1-ին իսկապես փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը: Իսկ դա հնարավոր է, եթե խուսափենք հանրային մեծ հավաքներից, ատրակցիոնների մոտ կուտակումներից, հերթերից, փակ շինություններում միջոցառումներ կազմակերպելուց:
Եվ ամրագրենք, որ առջևում ամառային տաք օրերն են՝ երեխաների հետաքրքիր ժամանցը կազմակերպելու լավագույն ժամանակահատվածը: Իսկ հունիսը 1-ի խորհուրդը կարող է առանձնանալ ևս մեկ ընտանեկան ջերմ ու հետաքրքիր տոնակատարությամբ:
Առողջություն մեզ և մեր երեխաներին»,-գրել է նա: