Անդրանիկ Միրզոյանը՝ Մարտի 1-ի գործի նախաքննությունից իրեն մեկուսացնելու մասին. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով, ինչպես հայտնի է, օրերս հերթական աղմկահարույց բացահայտումը եղավ: ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՀՔԾ նախկին քննիչ Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու համար: Ու քանի որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ՀՔԾ ղեկավարը Անդրանիկ Միրզոյանն էր, կեղծված ապացույցներով գործն էլ քննվել է նրա ղեկավարած կառույցում, «Ժողովուրդ» օրաթերթը Միրզոյանին հարցրել է՝ ի՞նքն է արդյոք հրահանգել այդ քայլին դիմել, թե՞ ուրիշ մարդ:

«Իմ պատասխանը սուբյեկտիվ կլինի և ինչ որ տեղ կխոչընդոտեմ քննության օբյեկտիվ իրականությանը, ավելի լավ է` այդ հարցը ուղղեք քննչական մարմիններին: Ես այլ բան կարող եմ ասել. երբ 2007 թվականին հիմնադրվել էր ՀՔԾ-ն, այն տեղադրված էր ՀՀ գլխավոր դատախազության շենքում ու դա ընկալվում էր դատախազության կցորդ: Աշխատասենյակներ չկային, համազգեստ, հաստիքների պակասություն, անընդհատ գրավոր գրել եմ այստեղ, այնտեղ, ՀՀ կառավարությանը, որ հարցը լուծեն, բայց այդպես էլ հարցը չլուծվեց, և այդպես դարձա բոլորի թշնամին:

2013 թվականին արդեն պարոն Կուտոյանի հորդորով դիմում գրեցի և դուրս եկա ու սկսեցին իմ նկատմամբ անհիմն հետապնդումները»: Միաժամանակ Միրզոյանն ասել է, թե մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն իրեն գործողությունների մասին չի զեկուցել, ինքը որևէ հրահանգներ չի տվել:

Այլ կերպ ասած` ՀՔԾ նախկին պետը, ըստ էության, մեկուսացվել է այս գործի նախաքննությունից: Ու եթե հիշենք, թե այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ինչպիսի ակտիվություն էր ցուցաբերում, դժվար չէ կարծիք կազմել, որ այս գործը քննվել է հենց նրա անմիջական հսկողության տակ»: