Մայիսյան հերոսների պատգամն է մեզ՝յուրաքանչյուր օրը նվիրենք հայոց պետականության ամրապնդմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

ավինյան

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։

Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերում մեր կանոնավոր բանակի, աշխարհազորի, հոգևորականության, ամբողջ ժողովրդի դրսևորած քաջության, անձնազոհության և կամքի ուժի շնորհիվ պատմական շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ. դարերի դադարից հետո հայոց բնօրրանի մի հատվածում վերականգնվեց հայոց պետականությունը: 1918թ․ մայիսի 28-ին ծնվեց Հայաստանի Հանրապետությունը` որպես իր ժամանակի համար բացառիկ ժողովրդավարական ու առաջադեմ պետություն:

Սա իրապես կյանքի ու մահվան պայքար էր, ազատությունն ընդդեմ բռնատիրության պայքար էր, Դավիթը Գողիաթի դեմ պայքար էր։ Կամ պետք է համախմբվածությամբ, կարգապահությամբ ու ուժերի գերլարումով հաղթեինք, կամ էլ թշնամու ծավալվող հորդաների զոհը դառնայինք և վերջականապես լքեինք պատմության թատերաբեմը, ինչպես բազում փառավոր, բայց ժամանակի մարտահրավերներին չդիմացած ժողովուրդներ։ Եվ 102 տարի առաջ մայիսյան այս օրերին մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ միասնական ենք, կենսունակ ենք, կարող ենք կռվել ու հաղթել և հարյուրամյակներ անց կրկին աշխարհի քաղաքական քարտեզի վրա արձանագրել Հայաստան անունը։

Առաջին հանրապետության վերելքն ու անկումը, անցած ճանապարհը կարևոր դասեր են ներկայի ու ապագայի սերունդների համար։ Դրանք ցույց են տալիս, որ որքան էլ մեծ է փորձությունը` պատերազմ, սով, համաճարակ, համաշխարհային անկայանություն, արտաքին ու ներքին թշնամիներ, մենք կարողանում ենք համախմբվել, կարողանում ենք պատասխանատու լինել մեր երկրի համար, կարողանում ենք հաղթահարել ցանկացած դժվարություն: Դա այդպես էր 1918 թվականի մայիսին, դա այդպես էր Արցախյան ազատամարտի ժամանակ, դա այդպես է այսօր:

Միաժամանակ, մայիսյան հերոսների պատգամն է մեզ, որ յուրքանչյուր օրը պետք է նվիրենք միասնական ջանքերով հայոց պետականության հետագա ամրապնդմանը, հզորացմանը և որևէ վայրկյան անգամ չկորցնենք զգոնությունը, երբևէ չվհատվենք ժամանակավոր խնդիրներից ու չհագենանք հաջողություններով, այլ շարունակաբար, քայլ առ քայլ կառուցենք մեր ու մեր երեխաների երազանքների երկիրը։

Շնորհավո՛ր մայիսի 28»։