Արդարադատության նախարարությունը հաստատեց. Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է այլ ՔԿՀ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

գագիկ.խաչատրյան

ՀՀ արդարադատության նախարարությունը հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկատվությունը, որ մի շարք կալանավորներ, նրանց թվում՝ Գագիկ Խաչատրյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել են այլ ՔԿՀ։

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ Քրեակատարողական հիմնարկներում տեղաբաշխման գործընթացներ միշտ են իրականացվում։

Ըստ աղբյուրի՝ պատճառը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի տարածման մեծ վտանգն է։ «Վարդաշեն» ՔԿՀ տեղափոխված կալանավորներից մեկը Գագիկ Խաչատրյանն է։

Մեկնաբանություն ստանալու համար աղբյուրը դիմել էր ՔԿԾ մամուլի ծառայություն, սակայն այստեղից ոչ հերքել, ոչ հաստատել էին, այլ խնդրել էին դիմել գրավոր հարցմամբ։  ՀՀ արդադարատության նախարարությունից աղբյուրի հարցմանն ի պատասխան ասել էին. «Քրեակատարողական հիմնարկներում միշտ էլ տեղաբաշխման գործընթացներ են իրականացվում, և մամուլում հրապարակված տեղեկության մեջ որևէ արտասովոր բան չկա: Եթե մտահոգությունը ՔԿՀ-ներում պահվող անձանց առողջությանն է վերաբերում, ապա այս պահի դրությամբ կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվադության դեպք չի արձանագրվել»։

Նշենք, որ տեղափոխության վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել նաև Գագիկ Խաչատրյանի փաստաբանները։

«27.05.2020թ. նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ և ներկայումս պահվում է էլ ավելի վատ պայմաններում՝ մոտ 4 քմ սենյակում, որտեղ ընդամենը մեկ մահճակալ է, փոքրիկ սեղան և զուգարանակոնք: Սենյակում առկա չէ իր հիգիենայի և խնամքի համար անհրաժեշտ այլ հարմարություններ, ոչ էլ հարմարեցված է հենակով շարժվող անձի համար անհրաժեշտ պայմաններին:

Գագիկ խաչատրյանը տեղեկացվել է, որ այդ պայմաններում պետք է պահվի մոտ 14 օր՝ ինչը պայմանավորված է նոր քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելով և ՀՀ Պարետի որոշմամբ՝ նոր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով»,- նշված է հայտարարության մեջ: