Վերին Լարսում մնացած 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News   

․

Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

«Անմիջապես սահմանին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Բագրատաշեն» բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ աշխատանքային թիմը սահմանված կարգով ջերմաչափել է երկիր ժամանող բոլոր քաղաքացիներին, արտաքին զննմամբ դիտարկել նրանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը: Բոլորին տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակներ ու ձեռնոցներ։ Տրվել են ինքնամեկուսացման ծանուցագրեր։

Որեւէ քաղաքացու մոտ ջերմություն եւ կլինիկական ախտանշաններ չեն գրանցվել։

Քաղաքացիների մուտքը երկիր առավել արագ եւ սահուն կազմակերպելու նպատակով ԱԱՏՄ սահմանային հսկիչ կետի թիմը համալրվել էր։

Ավելի վաղ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացրել էր, որ ՀՀ քաղաքացիները Հայաստան են տեղափոխվում մեր երկրի կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով։

«Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան դեռևս փակ է», - ասված էր տարածած հայտարարությունում»։