«Հայաստանին ուժեղ ընդդիմություն է պետք». Ժոզեֆ Դոլը՝ Արմեն Աշոտյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Հելսինկիում Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը երեկ ընդունել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ ՀՀԿ խմբակցության պատգամավորը մեկնել էր Ֆինլանդիա՝ մասնակցելու  ԵԺԿ համագումարին։ Հանդիպման մասին ֆեյսբուքում գրառում է արել ԵԺԿ նախագահը։ 

«Այսօր արդյունավետ քննարկում ունեցա Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ վարչապետ Փաշինյանի հրաժարական տալու որոշումից հետո երկրում տիրող իրավիճակի մասին, որը ճանապարհ է հարթում արտահերթ ընտրությունների համար:

Մեկ անգամ ևս շեշտեցի, որ օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լրատվամիջոցների բազմակարծությունը և ազատությունը, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունները կարևոր նախապայման են հայկական ժողովրդավարական հասարակության զարգացման համար:

Արտահերթ ընտրություններից առաջ կշարունակեմ ուշադիր հետևել Հայաստանում քաղաքական զարգացումներին՝ ընդգծելով մրցակցության մեջ ներգրավված բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովման կարևորությունը: Հայաստանին ուժեղ ընդդիմություն է պետք:

Ես նաև հիշեցնում եմ հայկական իշխանություններին անցած տարի Եվրոպական միության և Հայաստանի հանրապետության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ, CEPA) արդյունավետ իրագործելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու կարևորության մասին»,-գրել է ԵԺԿ նախագահը։