Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News 

քաղաքական

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը՝ ի պատասխան Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից ներկայացված հարցման։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ կայքից։

ՄԻԵԴ դատարանը միաձայն հայտնել է հետևյալ․

Դատարանը չի կարող պատասխանել Հայաստանի ՍԴ-ի կողմից ներկայացված առաջին երկու հարցադրումներին։

Մասնավորապես, դատարանը որևէ ուղիղ առնչություն չի գտել այդ հարցերի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման գործընթացի միջև։

ՍԴ երրորդ հարցն էր՝ արդյոք դրույթը, որով սահմանվում է հանցանքը և հղում արվում  ավելի բարձր իրավական ուժ ունեցող և ավելի բարձր մակարդակի աբստրակցիա ունեցող իրավական ակտին, բավարարում է Կոնվենցիայի՝ որոշակիության, մատչելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։ 

Դատարանը որոշել է, որ այդպիսի դրույթը, որն օգտագործում է «այլ օրենքի հղման» տեխնիկան՝ արարքը կամ անփութությունը քրեականացնելիս, պետք է հնարավորություն տար անձանց կանխատեսել, թե որ արարքը կարող էր իրենց քրեորեն պատասխանատու դարձնել։ Ի թիվս այլ գործոնների, հստակություն և կանխատեսելիություն ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհն այն է, որ հղումը լինի հստակ ձևակերպված, իսկ վկայակոչվող դրույթում հստակ ձևակերպված լինեն արարքի բաղադրիչները։

ՍԴ-ի չորրորդ հարցը վերաբերում էր իրավական երկու տարբեր ակտերի համատեղելիությունը ստուգող Կոնվենցիայի 7-րդ հոդվածով (ոչ մի պատիժ առանց օրենքի) սահմանվող չափորոշիչին։ Դատարանը կարծիք է հայտնել, որ նման գնահատականները ավելի շուտ պետք է հաշվի առնեին դեպքի հատուկ հանգամանքները, քան տրվեին ընդհանրացված գնահատականներ։