Ոստիկանները հայտնաբերել են պարետի որոշումը խախտած վարորդին. վերջինս վնասել էր ոստիկանին 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

հասարակական

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում իշխանական ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով։

Մայիսի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Անդրանիկ Մ-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի անունով զեկուցագիր է գրել, որ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի՝ մայիսի 14-ի թիվ 74 որոշման համաձայն նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման արդյունավետութունը բարձրացնելու նպատակով Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Արմավիրի մարզի մուտքի և ելքի ճանապարհին տեղադրված հատուկ անցակետում ծառայություն կատարելիս է եղել, երբ նկատել է, որ Էջմիածին քաղաքից դեպի Երևան սպիտակ գույնի BMW X 6 մակնիշի ավտոմեքենա է ընթանում, որի վարորդը և դիմացի ուղևորը եղել են առանց պաշտպանիչ դիմակի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված փաստը արձանագրելու նպատակով Անդրանիկ Մ-ն կանգնեցրել է նշված ավտոմեքենան, որտեղ պարզվել է, որ վարորդը և 2 ուղևորները չեն պահպանել պարետի որոշումը, որից հետ վարորդը, իջնելով ավտոմեքենայից, հայտնել է, որ չի պատրաստվում ենթարկվել իր պահանջին։

Ոստիկանության ծառայողը փորձել է վարորդին բացատրել, որ ավտոմեքենան տեղից չշարժի և ձախ ձեռքով բռնել է ավտոմեքենայի դռան բռնակը, սակայն վարորդը, չենթարկվելով ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, մեծ արագությամբ շարժվել է, ինչի հետևանքով էլ ոստիկանության ծառայողը վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ՝ քերծվածքի տեսքով։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի պաշտոնակատար Դ. Պետրոսյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ BMW X6 մակնիշի ավտոմեքենայի համարանիշները եղել են 60 XD 606 համարանիշի, և կարճ ժամանակ անց պարզել են նաև, որ այն վարել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 38-ամյա Արարատ Խաչատրյանը, ով Վաղարշապատի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, այնուհետև որոշ ժամնակ անց բաց է թողնվել։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։