Բելառուսը ճիշտ որոշում է կայացրել՝ COVID-19-ի պայմանում «չկանգնեցնել տնտեսությունը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

լուկաշենկո

Բելառուսի իշխանությունները ճիշտ որոշում են կայացրել՝ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում չդադարեցնել Հանրապետությունում արտադրությունը. երկրում հաջողվել է խուսափել գործազրկությունից: Այս մասին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ТАСС-ը:

«Հարուստ Արևմուտքում արդեն սուր գործազրկություն է: Փառք Աստծո, մենք դրանից խուսափեցինք», -հավելել է նա:

Նախագահը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ կարևոր է ոչ միայն արտադրել, այլև դա անել որակով: Այդ ժամանակ խնդիրներ չեն առաջանա նաև իրացման հետ կապված:

Նշենք, որ Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ Բելառուսում ամենածանր խնդիրը տնտեսության մեջ տիրող իրավիճակն է:

Հիշեցնենք, որ Բելառուսում կորոնավիրուսի տարածման հետ կապված արտակարգ միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Երկրի իշխանությունները կարծում էին, որ իրավիճակը լիովին վերահսկելի է:

Ըստ վերջին տեղեկությունների՝ Բելառուսում համավարակի սկզբից հաստատվել է կորոնավիրուսով վարակման 39 858 դեպք, մահացել է 219, ապաքինվել՝ 16 660 մարդ: