Արա Բաբլոյանն առաջարկում է մտցնել պարտադիր բժշկական ապահովագրություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկում է կառավարության հայտարարած եկամտահարկի դրույքաչափերի 5%-ով իջեցնելու մի մասն ուղղել պարտադիր առողջապահական ապահովագրության ստեղծմանը: ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին, Արա Բաբլոյանը հարցրել է․ 

«Չե՞ք կարծում, որ հարկի իջեցման պարագայում երկու տոկոսը կարելի է ուղղորդել առողջության ապահովության ստեղծմանը: Այսինքն՝ ում, որ ուզում ենք աշխատավարձ բարձրացնել հինգ տոկոսով, դրանից երկու տոկոսն ուղղորդենք բազային առումով նրանց առողջության պահպանմանը:

Այսօր ունենք բացառիկ հնարավորություն իրականացնելու պարտադիր բժշկական ապահովագրություն՝ օգտագործելով այն ռեսուրսը, որ առաջանում է հարկերի իջեցումից: Այսինքն՝ այդ գումարը մարդն իր վրա է ծախսելու: Դա այն գումարն է, որ իրենից վերցնում ենք կուտակում թոշակ ենք ստեղծում, հիմա ինչ-որ մաս կարող է այս նպատակին գնալ»,-նշել է Բաբլոյանը:

Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ նախ պետք է որոշակիացնել նպատակները, հետո գտնել դրանց հասնելու լավագույն ճանապարհը:

«Եթե աշխատավարձը միջոցներից մեկն է, այդ ճանապարհով գնանք, մենք դրանով ռիսկ ենք առաջացնում, որ մարդիկ կարող է կրճատվեն, մենք ենթադրում ենք, որ եթե արդյունավետության մասին է խոսքը, պետք է առաջնորդվենք նպատակին լավագույնս հասնելու մոտեցմամբ, ոչ թե սոցիալական խնդիր լուծելով»,-ասել է Ջանջուղազյանը՝ հավելելով, որ որոշելու հարց է, թե հավասար այլ պայմաններում միջոցներն արդյոք կուղղեի՞նք հենց այդ խմբի համար անվճար առողջապահական  ծառայություններ մատուցելուն. «Մեզ թվում է՝ չունենք այնպիսի վիճակ, որ համարենք, որ մնացած սոցիալական խմբերի համար արդեն բավարար չափով լուծված են հարցերը, և մեզ համար որպես թիրախ պետք է վերցնենք վարձու աշխատողներին»:

Արձագանքելով նախարարի պաշտոնակատարի պատասխանին՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիշեցրել է. «Մի քանի տասնյակ տարի աշխատում եմ համատեղ, որ այս հարցերի կարգավորումը տանք, անցել է գրեթե 28 տարի, եւ մենք չենք կարողացել կարգավորել: Հարկերի նվազման այս շրջանում, եթե չգնան այս քայլին, ստիպված կլինեն եւս 28 տարի սպասել»: