Ադրբեջանը կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի ռեժիմը երկարաձգել է մինչև հունիսի 15

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

ադրբեջան.կարանտինային ռեժիմ

Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են երկրում կարանտինային հատուկ ռեժիմը մինչև հունիսի 15-ը: Նման որոշում կայացվել է՝ ելնելով երկրում սանիտարահամաճարակային ընդհանուր իրավիճակից և ԱՀԿ առաջարկություններից: Հաղորդում է Белта-ն:

Նշվում է սակայն, որ սրան զուգահեռ մայիսի 31-ից կթուլանան կորոնավիրուսով պայմանավորված որոշ սահմանափակումներ: Մասնավորապես, կվերսկսվի խոշոր առևտրային օբյեկտների գործունեությունը, կթույլատրվի առանց հանդիսականների բացօթյա սպորտային մրցումներ անցկացնել, կբացվեն ռեստորանները, սրճարանները, հասարակական սննդի այլ օբյեկտներ:

Իշխանությունները շարունակում են բնակիչներին կոչ անել պահպանել անձնական հիգիենայի և սոցիալական հեռավորության կանոնները՝ նվազագույնի հասցնելով շփումներն այլ անձանց հետ:

Նշենք, որ մայիսի 29-ի դրությամբ՝ Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4759 դեպք, ապաքինվել է 3022 վարակակիր, մահացել՝ 56-ը: