Հայտարարում ենք նոր՝ «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության ստեղծման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News    

․

Արման Բաբաջանյանը հայտնել է նոր՝ «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ստեղծման մասին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրով ու Սահմանադրությամբ, որպես առաքելություն դիտարկելով ամուր, անվտանգ, տնտեսապես զարգացած, ժողովրդավարական պետություն ունենալու տեսլականը, այդ նպատակին հասնելու համար կարևորելով մրցունակ քաղաքական համակարգի անհրաժեշտությունը, որպես գերակա նպատակ հռչակելով երկրի ինքնիշխանության և անկախության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու բարեկեցության ապահովումը` հայտարարում ենք նոր քաղաքական միավորի՝ «Հանուն Հանրապետության» նախաձեռնության ստեղծման մասին։

«Հանրապետությունը» ներառում է բոլոր այն արժեքներն ու սկզբունքները, որոնք որպես պետության հիմնասյուներ նախանշված են Հայաստանի Անկախության հռչակագրով, հետևաբար մեր նպատակն է առավելագույնս նպաստել Հանրապետության հիմնադիր փաստաթղթի արժեքների ու սկզբունքների արմատավորմանը:

Հանրապետությունն է արդի պետության այն կացութաձևը, որը հնարավորություն է տալիս հասնելու մարդու ազատությունների և իրավունքների, ժողովրդավարության առավելագույն մակարդակին, որի անկյունաքարային նվաճումներն են հզոր տնտեսությունը, անվտանգ միջավայրը, բարեկեցիկ հասարակությունը, ի վերջո` երջանիկ մարդը։

Մրցակցային քաղաքական համակարգ, ազատ շուկայական հարաբերություններ, մրցունակ և նորարար տնտեսական կառուցակարգեր, անկախ դատական իշխանություն, հզոր բանակ ու ճկուն արտաքին քաղաքականություն. սրանք են Հանրապետության կայացման անկյունաքարային ուղենիշները, որոնց իրականացմանն է ուղղված լինելու մեր գործունեությունը:

Կայացած և հզոր Հանրապետությունն է մեր քաղաքացիների անձնական ու հանրային երջանկության գրավականը։

Մեր երազած Հանրապետության հիմքում է ամփոփված հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սրբազան ավանդը և մեր դարավոր մշակութային ժառանգությունը։ Սրանք են մեր այսօրվա ու ապագա Հայաստանի հիմնաքարերը։

Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա ներքնապես ու արտաքնապես հզոր ու պաշտպանված պետություն` այդ նպատակի համար օգտագործելով մի կողմից ներքին ռեսուրսները, մյուս կողմից` աշխարհասփյուռ հայության ներուժը: Մեր երազած Հանրապետությունը պետք է դառնա այնպիսի պետություն, որն ամենացանկալի բնակավայրը կդառնա աշխարհի բոլոր հայերի համար:

Հանրապետության մեր տեսլականի հիմքում ընկած է ճկուն ու բազմակողմանի արտաքին քաղաքականություն վարող պետությունը, որը պետք է առավելագույն թվով բարեկամ ու դաշնակից երկրներ ունենա աշխարհում: Այդպիսի արտաքին քաղաքականությունը հնարավորություն կտա հասնելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ, հայանպաստ կարգավորմանն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչմանը:

2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանի համար ստեղծել է ազատ, հզոր և ժողովրդավար հանրապետություն ունենալու եզակի պատմական հնարավորություն։ Հավատարիմ մնալով հեղափոխությամբ հռչակված արժեքներին` մենք, քաղաքական թիմով ու համախոհներով, գործի ենք դնելու մեր առավելագույն ջանքերը, օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները մեր քաղաքացիների երազանքի հայրենիքը կերտելու համար։

Այսու հայտարարում ենք, որ ծառայելու ենք մեկ միասնական նպատակին՝

Հանուն Հանրապետության»: