Ինչ անել, որ սեպտեմբերի 1-ից բացվեն դպրոցները․ ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Սեպտեմբերին կարող ենք լիարժեք սկսել դասերը, բայց խստագույնս պիտի հետևենք ցուցումներին: Այս մասին մայիսի 30-ին, ուղիղ եթերի ընթացքում հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Դիմակ կրենք, դա անենք առկա ցուցումներին համապատասխան, հաճախ ախտահանենք ձեռքերը, պահենք սոցիալական հեռավորությունը»,- նշել է նա:

Ըստ նախարարի՝ կան բոլոր հնարավորությունները դասերը լիարժեք սկսելու, բայց կա մի շատ մեծ բայց, որը պետք միասին լուծել. «Հանրակրթության ոլորտի շահառուները՝ աշակերտները, ուսուցիչները, ծնողները մեր բնակչության մոտ կեսն են և, ըստ էության, նրանք հավաքական ամենամեծ համայնքն են, որը կարող է երկրում շատ մեծ խնդիր լուծել»։

Հարությունյանը նշել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարդանում է, և լարվածությունը գնալով մեծանում է՝ հիվանդացողների թիվը և մահերի թիվը վկայում են, որ իրավիճակը բարդ է. «Մենք պետք է պատրաստ լինենք շատ տարբեր սցենարների, մեզ համար շատ ցանկալի է դասերը սկսել սեպտեմբերի մեկից, բայց պետք է պատրաստ լինենք նաև հեռավարի»:

Նախարարը ընդգծել է՝ եթե միահամուռ հետևենք ցուցումներին, կկարողանանք կանխել կամ զրոյացնել վիրուսը, բայց եթե ունեցանք այլ իրավիճակ, պետք է պատրաստ լինեն նաև դրան:

Հարությունյանը հայտնել է, որ ստանում է դպրոցական խնջույքների մասին տեղեկություններ: Նա կոչ է անում ծնողներին աչալուրջ լինել ու հետևել, որպեսզի նման միջոցառումներ չլինեն. «Դրանք հեռացնում են հնարավորությունը օր առաջ վերադառնալու բնականոն կյանքի»։