Քննարկում` վերակենդանացման բաժանմունքների ղեկավարների հետ․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

․

Քննարկում վերակենդանացման բաժանմունքների ղեկավարների հետ․

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության մի շարք բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին։ 

Նախարարը հանդիպման սկզբում ասել է, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման մեթոդները պետք է նույնականացնել և կիրառել միանման մոտեցումներ, իհարկե, հաշվի առնելով հիվանդի բժշկական պատմությունը։ 

«Ուզում եմ նաև լսել, թե ինչ պետք է անել այլ կերպ, քան հիմա արվում է»,- նշել է Արսեն Թորոսյանը։

Ներկաները քննարկել են կիրառվող գործելակարգերը, ընդհանուր մոտեցումները և ներկայացրել են իրենց դիտարկումները պացիենտների վարման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն այսօր առավել քան պահանջված են, և լրացուցիչ մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կա։ 

Ոլորտի պատասխանատուներն առաջարկել են ստեղծել ներհիվանդանոցային բազա և ըստ անհրաժեշտության ու պացիենտների կուտակումների՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին գործուղել կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական հաստատություններ։ 

Ծառայության պատասխանատուների կողմից առաջարկվել է ստեղծել նաև մշտադիտարկում իրականացնող մասնագիտական խումբ, ովքեր բժշկական կազմակերպություններում կուսումնասիրեն բուժական գործընացը, կիրառովող մեթոդները և այլն։ 

Քննարկվել է նաև հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ կազմակերպել տեսակապով քննարկումներ, այդ թվում մասնագիտական խորհրդատվություններ և առանձին դեպքերով կոնսիլիումներ։ 

Նախարարը հավանության է արժանացրել առաջարկը և հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ առաջիկայում իրագործելու համար։

Ամփոփելով հանդիպումը որոշվել է ևս մեկ անգամ քննարկել արդեն իսկ հաստատված բուժման սկզբունքները, համապատասխանեցնել նոր մոտեցումներին՝ դիտարկելով բոլոր կողմերի մասնագիտական կարծիքները։ 

Նախարար Արսեն Թորոսյանը, կարևորելով մասնագետների հետ քննարկումը, հույս է հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակական են լինելու։