Արաբկիրի բնակիչները դիմում-պահանջագիր են ներկայացրել քաղաքապետին և գլխավոր ճարտարապետին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը գրել է․ «Արաբկիր վարչական շրջանի մի խումբ բնակիչների կողմից ստացել եմ հետևյալ դիմում-պահանջագիրը, որը, կարծում եմ, պատշաճ ուշադրության պետք է արժանանա պատկան մարմինների կողմից:

Երևանի քաղաքապետին
Երևանի գլխավոր ճարտարապետին
ԴԻՄՈՒՄ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

Հարգելի պարոն քաղաքապետ,
Հարգելի պարոն գլխավոր ճարտարապետ,

Մամիկոնյանց 23/1 շենքի բակին կից Կոմիտաս 59 հասցեի տարածքում ս. թ. ապրիլի 20-ից սկսվել է «ARGO-Realty» կազմակերպության կողմից գովազդված երեք բարձրահարկ շենքերի կառուցումը, որոնցից մեկն ունենալու է 20 հարկ, իսկ մյուս երկուսը՝ 18 հարկ:

Այս դիմում-պահանջագիրը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի շարք խնդիրներ, որոնց անտեսումը հղի է բացասական հետևանքներով և ներկայացնում 3 պահանջ։ Ընտրված կառուցապատման տարածքի աջ և ձախ կողմերում գտնվում են երեք, չորս, հինգ և վեց հարկանի շենքեր, իսկ հյուսիսային և հարավային հատվածներում՝ մեկական տասնչորս և տասնվեց հարկանի շենքեր։ Այդպիսի համապատկեր ունեցող միջավայրի կենտրոնում կառուցվելու են երեք բարձրահարկ շենքեր, որոնք փոխելու են շրջակա միջավայրը։ Ամենևին էլ դեմ չլինելով նախկին «Լուսատեխնիկական գործարանի» տարածքի բարեկարգման գաղափարին՝ այդ բարձրահարկ շենքերի նախագիծը հաստատելիս հաշվի չեն առնվել շրջակա շենքերի բնակիչների շահերը, ինչը բացահայտ արհամարհանք է և անհարգալից վերաբերմունք մեր նկատմամբ։

Նախորդ իշխանությունների օրոք, Երևանի տարբեր հատվածներում բազմաթիվ բարձրահարկ շենքեր կառուցելով, խախտվել է քաղաքի ճարտարապետական
շինությունների ներդաշնակությունը, որը խիստ քննադատության է արժանացել նաև Ձեր կողմից, մինչդեռ այժմ կատարվում է նույնը։ Այս ամենն արվում է առանց
ազգաբնակչության շահերը հաշվի առնելու՝ ի հեճուկս գործող թե՛ ճարտարապետական նորմերի, թե՛ համակեցության կանոնների։ Շենքերի կառուցման դեպքում մեր առօրյան կդառնա խիստ տհաճ ու անտանելի։ Այդ իրավիճակը բացասաբար կանդրադառնա մեր հոգեկան առողջության վրա։ Կսահմանափակվի մեր տեսադաշտը, նույնիսկ՝ երկնքի ամբողջական տեսքը։ Մենք մեր բնակարաններում շարունակ լարված կլինենք, քանզի շենքերի միջև նախատեսված հեռավորության պատճառով կսահմանափակվի մեր անձնական կյանքի գաղտնիության
իրավունքը։

Նշենք նաև, որ շուրջ երեք տարի մենք ականատես ենք լինելու շինարարական աշխատանքների ողջ գործունեությանը, իսկ հոգեբանական և էկոլոգիական հետևանքներն առավել քան ակնհայտ են։

Շենքերի կառուցումից հետո խիտ բնակեցված տարածքի օդը,
մեքենաների գազի արտանետումը, բակի աղմուկը, շների հաչոցը մշտապես կխաթարի մեր անդորրը։

Ձեր կողմից բազում կարգախոսներ են հնչել բակերի բարեկարգման ու կանաչապատման վերաբերյալ, մինչդեռ այս դեպքում տնտեսվարողի շահը վեր է դասվել բնակիչների շահերից։ Համոզված ենք, որ մեր անհանգստությունը պատճառաբանված է։ Հուսով ենք, որ Դուք ճիշտ կըմբռնեք հարցի լրջությունը և կարևորությունը։

Ելնելով վերոշարադրյալից՝ կոչ ենք անում գործուն քայլեր ձեռնարկել ստեղծված խնդրին արագ արձագանքելու ուղղությամբ։ Ավելին, հուսով ենք, որ չեք անտեսի շրջակա շենքերի հարյուրավոր բնակիչների այս դիմումը։

Մենք պահանջում ենք՝
1. Նվազեցնել շենքերի հարկայնությունը մինչև 10 հարկ,
2. ավելացնել մեր շենքի և նախատեսվող շենքի միջև ընկած տարածությունը մինչև 50 մետր, որն այժմ ընդամենը 27 մետր է,
3. հողային և շինարակական աշխատանքները սկսել 09։00-ին և ավարտել 18։00-ին՝ աշխատելով միայն աշխատանքային օրերին և հարգել համակեցության
կանոնները (մինչդեռ այժմ աշխատանքները սկսվում եմ առավոտյան 8-ին և ավարտվում երեկոյան 7-8 ընկած հատվածում)։

Մեր բարձրացրած խնդիրներն ունեն կենսական նշանակություն, ուստի ընթացք և լուծում չտալու դեպքում, շենքերի հարակից բնակիչները կշարունակեն բարձրաձայնել մեզ հուզող խնդիրները թե՛ ԶԼՄ-ով, թե՛ պայքարի այլ միջոցներով։
Հարգանքով՝ Իրինա Գրիգորյան
Մամիկոնյանց 23/1 շենքի 56 բնակարանների բնակիչների կողմից լիազորված անձ
Հեռ.` 010-23-25-12, 093-380-114»: