Կորոնավիրուսից հետո մարդկանց եմ վերարժևորել և ինձ տրված ժամանակը. Նորայր Շողիկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News 

«Կորոնավիրուսից հետո կյանքի նկատմամբ վերաբերմունքը շատ է փոխվել։ 11 օր միայնակ էի և ահռելի ժամանակ ունեի շատ բաների մասին մտածելու համար։ Երկու կարևոր բան եմ վերարժևորել․ առաջինն այն մարդիկ են, որոնք այս ընթացքում ֆիզիկապես և հոգեպես աջակցել են ինձ, երկրորդն այն ժամանակն է, որ ինձ տրված է», - այս մասին 24News-ի հետ զրույցում պատմել է «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող Նորայր Շողիկյանը, որը հաղթահարել է կորոնավիրուսը։ 

Նորայր Շողիկյանը մայիսի 14-ին է տեղեկացել, որ կորոնավիրուսով է վարակվել, ինչից հետո տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ 3 հետազոտություն է անցել, այնուհետև վիտաբինային բուժում ստացել։ Ընդհանուր առմամբ, բուժումը շուրջ 11 օր է տևել։ 

«Կորոնավիրուսի թեստը հանձնելիս հոգեբանորեն պատրաստվել էի, որ պատասխանը կարող է դրական լինել։ Սկզբում հազ ունեի, որը ժամանակի ընթացքում խորացավ, հետո հոտառությունս կորցրի։ Հենց այդ ժամանակ հասկացա՝ հնարավոր է կորոնավիրուս է», - պատմում է նա։ 

Լրագրողը նշում է, որ մինչև հիմա անպատասխան է մնացել իր համար, թե ինչպես է վարակվել։ Նրա խոսքով՝ վարակակրի հետ շփում չի ունեցել, աշխատել է հեռավար, շատ քիչ է դուրս եկել տնից, կրել է ձեռնոց, դիմակ և պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները։ 

«Կորոնավիրուսից հետո կա կյանք», - նշում է կորոնավիրուսը հաղթահարած լրագրողը և հավելում, որ առաջին իսկ պահից վախեր չի ունեցել՝ գիտակցելով, որ վերջում ամեն ինչ լավ է լինելու, բուժվելու է, քանի որ «կորոնավիրուսը դատավճիռ չէ»։

Սոնա Գրիգորյան