Բողոքի ակցիա Լոռիում. Սուրբ Հովհաննես եկած բնակիչները դժգոհ են պարետի որոշումից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News 

հասարակական

Մայիսի 31-ին լարված իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզի Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող ճանապարհին, այս մասին հայտնում է Shamshyan.com

Պարետատան որոշման համաձայն՝ այսօրվանից մինչեւ հունիսի 3-ը փակ է մնալու մատուռ տանող ճանապարհը: Վաղ առավոտից ուխտատեղի բարձրանալ ցանկացող բազմաթիվ քաղաքացիներ հանդիպել են ոստիկանական հենակետերի, ինչն առաջացրել է նրանց դժգոհությունը: Բողոքի ալիք են բարձրացրել նաեւ հարակից գյուղերի բնակիչները, ովքեր լրագրողի հետ զրույցում ասում էին. «Մենք մատուռի մոտակայքում մոմեր ու հուշանվերներ վաճառելով էինք հացի փող վաստակում, էսօր ոստիկանները եկել են փակել ճանապարհները, ուխտագնացության եկած ուխտավորները մնացել են ճանապարհներին, Հայաստանի տարբեր տեղերից եկել են, որ մոմ վառեն, դրել փակել են Սուրբ տանող ճանապարհները, չեն թողնում: Մենք մեր հացի փողը դրանից էինք աշխատում…»:

Լրագրողի դիտարկմանը, որ պարետի որոշումը կապված է քաղաքացիների անվտանգության հետ, Հարթագյուղի բնակչուհին ասաց. «Բոլոր տեղերը բաց են, բոլոր տեղերը աշխատում են, Սուրբ տանող մաքուր օդի մեջ, կորոնավիրուսը էնա էկավ կպա՞վ: Մեր երեխեքը էդտեղ մոմ, սրբապատկերներ ու հուշանվերներ են վաճառում: Մենք պահանջում ենք բացել Սուրբ Հովհաննես տանող ճանապարհը կամ եթե չեն բացում, ուրեմն՝ թող բոլոր տեղեր տանող ճանապարհները փակեն»: