Ողբերգական վիճակագրությամբ հանգուցալուծվող ճգնաժամ է սկսվել. Դավիթ Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News 

կորոնավիրուս

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այն տեսակետին է, որ համավարակի դեմ պայքարում կառավարությունը որքան շատ է փորձում վարչական լծակներ կիրառել, այնքան մեծանում է հասարակական հակազդեցությունը։ 24News-ի հետ զրույցում նա ասաց՝ իշխանությունը գիտակցում է, որ համավարակի թափանիվը արագություն է ստացել, և այն բերելու է ողբերգական հետևանքների։ 

«Այն պահին, երբ աշխարհը զինվում էր համավարակի հակազդեցության միջոցներով, Փաշինյանը հանրաքվե էր անցկացնում ՝ անտեսելով վիրուսի տարածման վտանգը։ Առողջապահության նախարարը լրագրողներին, որոնք ասուլիսի դիմակներով էին գնացել, համոզում էր, թե անիմաստ է դրանք կրելը։ Սրան էլ գումարած մեկ ամսով կարանտին հայտարարվեց, տնտեսությունը կանգ առավ, բայց, փաստորեն, դա էլ էր անարդյունավետ: Արտակարգ դրության առաջին իսկ օրից իշխանության վերաբերմունքը իրականացվող միջոցառումներին ձևական էր։ Ձևական բնույթ էր կրում արտակարգ դրության սահմանումը, տեղաշարժման թերթիկների ու անգամ դիմակ կրելու պահանջը: Արցախյան խնջույքի լուսանկարի տարածումից ու հասարակության պարսավանքին արժանանալուց հետո իշխանության ներկայացուցիչները սկսեցին լուրջ վերաբերվել դիմակներին,- նշում է Խաժակյանը՝ հավելելով,- Եվ միայն այժմ՝ առաջին վարակակրի ի հայտ գալուց երեք ամիս անց, պայքար է սկսվել վարակի տարածման դեմ»։

Ըստ ԼՀԿ-ականի՝ առողջապահական իմաստով՝ իրավիճակը ճգնաժամային է։ Բացատրում է՝ հիվանդանոցներում ազատ տեղ գրեթե չկա, արդեն իսկ սկսվել է վարակակիր անձանց տանը մեկուսացնելու գործընթացը։ Տնտեսական ճգնաժամը ևս ակնառու է, ասում է, սպասարկման հիմնական ճյուղերում շրջանառությունը մի քանի անգամներով կրճատվել է, իսկ այն ճյուղերը, որոնք վերականգնվել են, փակման վտանգի առջև են։

Խաժակյանն այն համոզմանն է, որ այս իրավիճակում համատարած մոբիլիզացիա ու սոցիալական համերաշխություն էր անհրաժեշտ, այնինչ Փաշինյանը ճիշտ հակառակն է անում ու շարունակում առճակատումը քաղաքական հակամարտության դաշտում։

«Ճգնաժամային այս իրադրությունը ցույց է տալիս իշխանության մեծամիտ անփորձությունն ու դասեր քաղելու ունակության իսպառ բացակայությունը։ Ռուսական ասացվածքի նման է իրավիճակը՝ «Коней на переправе не меняют»։ Առողջապահության նախարարը ձախողեց համավարակի տարածման դեմ պայքարը քիչ չէ, դեռ մի բան էլ հասցրեց լարվածություն առաջացնել հարևան Վրաստանի հետ։ Իրավապահ համակարգում համատարած ապատիա է, ռեֆորմը ուշացել է, իրադրությունը՝ բարդացել: Պարետի որոշումների արդյունավետության մասին անգամ ավելորդ է խոսել, նա նույնքան օպերատիվ է գործում, որքան պարետատան թեժ գիծը։ Ընդդիմադիր ուժերը, ինչպես տեսնում եք, դադարել են առաջարկություններ ներկայացնել, քանզի անիմաստ է: Ժամանակին ինչ ասում էինք, արժանանում էինք մեծամիտ հակադարձումների և հեգնանքի։ Սա այն դեպքն է, երբ փակվել է լուծումների ճանապարհը։ Սկսվել է ճգնաժամ, որը հանգուցալուծվելու է ողբերգական վիճակագրությամբ։ Ինչպես ասում են՝ իշխանությունների հետ հետո կխոսենք»,- եզրափակում է մեր զրուցակիցը։

Վրույր Սևակ