ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է մի շարք հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News 

հասարակական

Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը հանրային սննդի կազմակերպություններում շարունակվում է: Մշտադիտարկումներ են անցկացվում հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում:

Երևանում մայիսի 31-ին շրջայց է կատարվել Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջանների հանրային սննդի օբյեկտներում:

Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,մայիսի 31-ին նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը: «Դրանք  խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջները՝ անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը, ոչ բոլոր մուտքերի մոտ է եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ:

Խախտումները հայտնաբերել և համապատասխան արձանագրությունները պարետատուն են ներկայացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները:

Խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի»,- նշված է հաղորդագրության մեջ: