Փոխնախարար Թամրազյանին տվածս ուղիղ հարցերը կոնկրետ պատասխան չեն ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News 

քաղաքական
24News-ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

- ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը հանդիպում ունեցավ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի և ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հետ: Ինչպե՞ս է անցել հանդիպումը: Իշխանական թևի ձեր գործընկերները հանդիպումից խուսափում են տպավորություն հայտնել, ասես ռազմական գաղտնիք լինի: Ի՞նչ է քննարկել հանձնաժողովը, եթե դրանից հետո, փաստորեն, Գոգյանի, այսպես ասած, հետկանչի հարց չի քննարկվել:

- Եթե հիշում եք, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը հրավիրվել էր ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի՝ սոցիալական ցանցի իր էջում արված հայտարարությունից հետո, երբ հանրության մեջ բավականին լայն քննարկումներ ծավալվեցին նրա հրաժարականի և իր՝ ըստ էության հանցագործության մասին հաղորդման շուրջ, մասնավորապես՝ պարոն Գոգյանը հայտնում էր, որ իր հրաժարականի պատճառը հանդիսացել է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի կողմից ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի՝ իր պաշտոնում մնալու հովանավորչությունը։

Եվ քանի որ փոխնախարարի շուրջ արդեն տևական ժամանակ այլ շրջանականերից ևս հնչեցվում էին նմանօրինակ մեղադրանքներ, ինչպես նաև կրթական և սպորտի ոլորտում խնդիրների առկայությունն ու բարեփոխումների հապաղումը կապվում էր նրա անվան հետ, մի քանի օր անց հրապարակային առաջարկ հնչեցրի հրավիրել ԲՈԿ նախագահին և Թամրազյանին՝ հանձնաժողովի պատգամավորների ներկայությամբ պատասխանելու մտահոգիչ հարցերին։

Նիստի մեկնարկին, երբ օրակարգի հարց դրվեց, տեղեկացանք, որ նիստը փակ է լինելու՝ միմիայն հանձնաժողովի անդամների ներկայությամբ։ Անկեղծ ասած, այդ պահին տեղյակ չլինելով հանձնաժողովի նախագահի և նախարարության ներկայացուցչի միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը՝ մտահոգվեցի, քանի որ այդ քննարկման ամբողջ էությունն այն էր լինելու, որ  ի վերջո լույս սփռվի ԿԳՄՍ փոխնախախարարի վերաբերյալ արվող հայտարարությունների շուրջ, իսկ մենք հասկանանք, թե ինչու՞ ԲՈԿ նախագահը, որը իշխող մեծամասնության կողմից առաջադրված կադր է և հենց իրենց թիմի մաս, հրաժարվեց պաշտոնից։

Քննարկման ժամանակ ինչպես իմ, այնպես էլ հանձնաժողովի բոլոր անդամների կողմից տրվել էին բաց և ուղիղ հարցեր, որոնց փաստացի ԿԳՄՍ փոխնախարարը տվել էր ինչ-որ պատասխաններ։ Ես չեմ կարող ասել, թե այդ պատասխանները բավարարել են ինձ, քանի որ իմ ուղիղ հարցադրումները մնացել են առանց կոնկրետ պատասխանի։

Հարցերս մասնավորապես վերաբերել են հենց հովանավորչության առկայությանը պարոն Թամրազյանի կողմից՝ ՀՊՏՀ ժ/պ-ի հանդեպ, քանի որ ինձ համար մինչ այժմ տարօրինակ է, թե այդ ինչպես է ստացվում, որ նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի գիտական աշխատանքի հետ կապված խնդիրներ ծագելու պարագայում նրան անմիջապես առաջարկ էր արվել հեռանալու իր զբաղեցրած պաշտոնից, իսկ այդ նույն սկզբունքը փաստացի չգործեց ներկայիս պաշտոնակատարի դեպքում, սա ինչ է, եթե ոչ ակնհայտ խտրական վերաբերմունք հենց նախարարի կողմից, քանի որ նույն ԿԳՄՍ նախարարը մոտ մեկ տարի առաջ բազմաթիվ հարցազրույցների ժամանակ շատ պարզ և հստակ հայտարարել էր, որ «Գրագողությունն անընդունելի է։ Եվ գրագողը չի կարող լինել հայաստանյան որևէ բուհի ռեկտոր»։

Հանձնաժողովի նիստին չի քննարկվել Սմբատ Գոգյանի հետկանչի հարցը, քննարկվել են միայն հովանավորչության վերաբերյալ հնչեցված թեզերը, որոշ խնդիրների առկայությունը կրթական, ինչպես նաև սպորտի բնագավառում։ Ինձ համար փոխնախարարի կողմից հնչեցված մի քանի պատասխաններ շատ առանցքային և հիմնաքարային ազդակներ են եղել՝ վերջին շրջանում հենց այդ նախարարության շուրջ ստեղծված ինտրիգների մասին պատկերացումների վերաբերյալ։ Այս հարցն արդեն քաղաքական է ավելի, քան իրավական տիրույթի քննարկման ենթակա, ինչպես իր սոցիալական էջում հայտարարել էր ԿԳՄՍ նախարարը։ 

Իսկ թե ինչու՞ են խուսափում իշխանական պատգամավորները հարցերին պատասխանելուց, չեմ կարող ասել, գուցե սա իրենց քաղաքական թիմի ներսում քննարկելու հարց է, ես որևիցե տեղեկություն չունեմ, և մեծ հաշվով ինձ չեն հետաքրքրում այդ մանրամասները, քանի որ ես այս հարցը դիտարկում եմ բացառապես ոլորտների կարգավորման պրիզմայով, քննում եմ պատասխանատուների խոստացած և չիրականացրած աշխատանքների տեսանկյունից։

- Նախարար Արայիկ Հարությունյանը մեր հարցին ի պատասխան, թե  ի՞նչ կարող է ասել Գոգյանի հրաժարականի մասին, ասաց, թե դա իր օրակարգում չէ: Եթե աղմուկ հանած այս միջադեպը պատասխանատու նախարարի օրակարգում չէ, ապա ի՞նչ կարող ենք ենթադրել:

- Սա պատասխանատվությունը սեփական ուսերից գցելու դասական օրինակ է, ինչ կարող եմ ասել։ Եթե նա կասի, թե ԲՈԿ-ը ԿԳՄՍ նախարարությանը ենթակա մարմին չէ, այլ վարչապետին է անմիջապես ենթակա, ապա ստիպված եմ հիշեցնել, որ ԲՈԿ-ն այս պահին հենց իր լիազորությունների տիրույթում գտնվող ոլորտի խնդիրների պատճառով է հայտնվել այս իրավիճակում, և եթե նախարարը մոռացել է, որ ՀՊՏՀ-ում դեռևս շարունակում է պաշտոնավարել ժամանակավոր պաշտոնակատարը՝ օրենքի կոպտագույն խախտումներով, և այն էլ ատենախոսության մեջ  արտագրությունների դեպքերի բացահայտումից հետո, կրկին պետք է հիշեցնեմ նախարարին իր սկզբունքային հայտարարությունները, որոնց փաստորեն դավաճանել է։ 

- Ասում են՝ համավարկի պատճառով դասերը սեպտեմբերին նույնպես կարող են առցանց ընթանալ: Մեր կրթական համակարգը պատրա՞ստ է դրան, կամ դա ինչի՞ կարող է հանգեցնել:

- Ես չեմ առաջնորդվում ասեկոսեներով։ Արդեն իսկ նախարարը հայտարարել է, որ ամեն բան անելու են, որ ավանդական  ձևաչափով շարունակեն դասապրոցեսները կրթական հաստատություններում։ Այս պահին կարծես ուղղորդիչ հայտարարությունը միայն սա է։ Իսկ թե մեկ շաբաթից, մեկ ամսից հետո ինչ կարող է լինել, ինչի հետևանքով ստիպված կլինենք կրկին վերադառնալ հեռավար կրթությանը, առայժմ դժվար է կանխատեսել։ Պատրաստ ենք, թե՝ ոչ, կարծում եմ՝ ճգնաժամային իրավիճակում ինչ-որ կերպ փորձեցինք պատվով դուրս գալ այս իրավիճակից, սակայն ոչ բավարար ձևով։ Եթե կան հեռանկարներ, որ հնարավոր է կրկին անցում կատարենք հեռավարին, ապա առնվազն այս պահից նախարարությունը պետք է հստակ ռազմավարություն մշակի։

Վրույր Սևակ