Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 1, 24News

երեխա

Հունիսի 1-ը բազմաթիվ երկրներում նշվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: Այն ամենահին միջազգային տոներից է, որի հիմնադրման մասին որոշումը կայացվել է դեռևս Ժնևում 1925 թվականին՝ երեխաների բարեկեցության հարցերին նվիրված համաշխարհային համաժողովի ժամանակ:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։

Թե ինչու է տոնի համար ընտրվել հենց հունիսի 1-ը, հայտնի չէ: Վարկածներից մեկի համաձայն՝ 1925 թվականի հունիսի 1-ին Չինաստանի Գլխավոր հյուպատոսը Սան Ֆրանցիսկոյում հավաքել էր չինացի ծնողազուրկ երեխաներին եւ նրանց համար կազմակերպել  Դուան-ու ցզե տոնը, ու քանի որ այդ օրը համընկել է Ժնևում երեխաների բարեկեցության հարցերին նվիրված համաժողովի անցկացման շրջանի հետ, ընտրվել է հենց հունիսի 1-ը:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ դպրոցներում և մանկապարտեզներում ավանդաբար օրը տոնական է լինում: Երեխաների համար կազմակերպվում են զանազան սպորտային մրցույթներ և համերգներ, անցկացվում են նաև մրցույթներ, կավճանկարչություն՝ ասֆալտի վրա: Սակայն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ավանադույթը խախտվել է: Տոնական միջոցառումները չեղարկվել են: