​​​​​​​ 3G. իրականությունն ու միֆը. Սամվել Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24 News

Սամվել Մարտիրոսյան

3G. իրականությունն ու միֆը

Հարցազրույց տեղեկատվական անվտանգության հարցերի մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ

- Մեր հիմնական  հարցը բջջային կապի ազդեցությունն է մարդու օրգանիզմի վրա։ Արդյո՞ք կան իրական վտանգներ, թե՞ դրանք միֆերի մակարդակում են։ Բայց նախ հասկանանք. ընդհանրապես, ինչ է 3G կապը, ինչով է տարբերվում այլ տեսակի կապերից։

Բջջային կապը, որին մենք սովոր ենք, այն կապը, որը դարձավ բոլորի համար հասանելի եւ որից այսօր էլ հաճախ օգտվում ենք, հատկապես մարզերում, դա 3G բջջային ստանդարտն է։ Հայաստանի մի մասում արդեն գործում է նաեւ 4G կապ։ Սովորաբար մեր հեռախոսները պարբերաբար կապը փոխում են 3G-ի եւ 4G-ի միջեւ՝ կախված նրանից, թե ինչ կայանի մոտ ենք այդ պահին գտնվում։ Հիմնական ծածկույթը, կարելի է ասել, այսօր  դա 3G  է Հայաստանում եւ Արցախի Հանրապետությունում։

3G ստանդարտը նոր բան չէ,  այն փաստացի սկսել է ներդրվել դեռ 2000-ականների  սկզբին եւ եկել է փոխարինելու 2G կապին։ Իրականում 3G պարզապես նշանակում է «երրորդ սերնդի» բջջային կապ - 3rd Generation. Այսինքն, աշխարհն արդեն մոտ քսան տարվա փորձ ունի նման բջջային կապի հետ ապրելու։ Իհարկե, Հայաստանում այս ամենն ուշացումով հայտնվեց, քանի որ լավ հիշում ենք, թե ինչ վիճակում էր մեր բջջային կապը եւ ընդհանրապես կապը  2000-ականների սկզբներին։ Բայց դա առանձին պատմություն է

- Հիմա հաճախ խոսում են բջջային կապի հնարավոր վտանգի մասին: Ի՞նչ վստահելի ուսումնասիրություններ կան կապի անվտանգության ոլորտում:

- Հատուկ նշեցի, որ 3G  կապը արդեն երկու տասնամյակ է, ինչ գոյություն ունի։ Քանի որ այդ խոսակցությունները աշխարհում եղել են շատ շուտվանից, դա նաեւ հանգեցրել է բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների։ Այսինքն, եկեք արձանագրենք, որ սա նոր թեմա չէ աշխարհի համար։ Եվ այս թեման, իրականում, պետք է ավելի լայն տեսանկյունից դիտարկել․ արդյո՞ք էլեկտրամագնիասական դաշտերը ունեն ազդեցություն մարդու առողջության վրա, քանի որ բջջային կապը պարզապես ռադիոկապ է, ինչ-որ արտառոց բան իրենից չի ներկայացնում։

Եվ այսպես, վնասակա՞ր են արդյոք էլեկտրամագնիսական դաշտերը մարդու առողջության համար։ Բնականաբար, վնասակար ազդեցություն դրանք կարող են ունենալ։ Ինչպես  օրինակ, Արևի ճառագայթները կարող են ունենալ ծանր հետեւանքներ մարդու համար։ Հարցը հզորությունն ու ազդեցության երկարատեւությունն է։

Այսօր հիմնական կազմակերպությունները, որոնք արտադրում են թե հեռախոսները, թե բջջային կայանները, հետևում են ընդունված ստանդարտների, որոնք ենթադրում են ցածր հզորությունների կիրառում։ Քանի որ այս ոլորտում  ուսումնասիրություններն  արդեն տասնամյակներ են ընթանում, այսօր կարող ենք ասել, որ ապացուցված, արձանագրված լուրջ վտանգ չկա, երբ խոսքը գնում է եղած կայանների եւ հեռախոսների հզորությունների մասին։  Այսպես, ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկողության Դաշնային Կենտրոնը (Centers for Disease Control and Prevention, բոլորիս գրեթե ծանոթ գործակալություն է, որը ֆիլմերում միշտ զբաղվում է համավարակների դեմ պայքարով) հայտարարում է, որ գիտական ոչ մի ապացույց չկա այն մասին, որ բջջային կապը վտանգավոր է։ Նաև նշում են, որ եթե ունեք կասկածներ, փորձեք քիչ օգտվել, խոսելիս էլ միացրեք բարձրաձայն կապը որ հեռախոսը գլխի մոտ չպահեք եւ այլն։ Այդ թեմայով մանրամասներն  այստեղ են.

https://www.cdc.gov/nceh/radiation/cell_phones._faq.html

Նաեւ կարեւոր է հասկանալ, որ մենք անընդհատ շրջապատված ենք էլեկտրամագնիսական դաշտերով։ Օրինակ, դա մեր տան եւ հարեւանի Wi-Fi  է, որն իր տարածվածությամբ այսօր չի զիջում բջջային կապին։ Եվ անկախ նրանից, թե ինչ հետազոտություններ են կատարվում այս ոլորտում, պետք է հասկանանք, որ բջջային հեռախոսի հետ անդադար շփումը կարող է ունենալ ինչ-որ հետեւանքներ:

Երևի մենք բոլորս էլ ճանաչում ենք մարդկանց, որոնք, պատկերավոր ասած` քնում և արթնանում են հեռախոսն ականջին։ Կրկնեմ, որ մեզ, սովորական մահկանացուներիս համար 3G-ի վտանգն  ապացուցող լուրջ հետազոտություններ դեռ չկան։ Միջին ինտենսիվությամբ  կիրառելու մասին ստուգված բացասական ազդեցություններ այս պահին բացահայտված չեն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումն այստեղ հետևյալն է, որ վտանգներ, իրոք բացահայտված չեն, սակայն կարեւոր է շարունակել ուսումնասիրությունները եւ հետեւել մարդկանց առողջությանը: Այս հղումով կարող եք ծանոթանալ մանրամասներին:

https://www.who.int/ru/news-room/fact-sheets/detail/electromagnetic-fields-and-public-health-mobile-phones

Այսպիսով, ընդհանրացնելով, կարող ենք արձանագրել․ ներկա պահին չկան հստակ ապացույցներ այն մասին, որ գործող բջջային կապը վտանգավոր է մարդկանց առողջության համար: Իհարկե, ելնում ենք ողջամիտ օգտագործման կանխավարկածից:

Վերջում կուզեի, որպեսզի մենք նաեւ բջջային հեռախոսների հետ կապված իրական վտանգի մասին խոսեինք։ Վիճակագրորեն, այսօր  դա մարդկային գործոնն է։ Մեքենա վարելիս հեռախոսով խոսելը եւ դրա հետեւանքով տեղի ունեցած վթարները․ այ դա հաստատ կյանքեր է խլում։

Եթե որևէ մեկը ցանկանա ավելի շատ մանրամասների տիրապետել, կարող եմ խորհուրդ տալ ծանոթանալ Եվրախորհրդարանի  ուսումնասիրությանը, որը կատարվել է ավելի շատ վեճեր հարուցած 5G կապի վերաբերյալ։ Այստեղ կան բազմաթիվ հղումներ դեպի տարբեր գիտական ուսումնասիրություններ

https://www.europarl.europa.eu/RegData/etudes/BRIE/2020/646172/EPRS_BRI(2020)646172_EN.pdf?fbclid=IwAR1hmx24qS5ZMZln9ZtgvOUB83dIVJzRZ2AKHGr2cnRLAjPp8qRSU2cZzkI