Բողոքում են ատամնաբույժները․ պետությունը շարունակում է մեզ վերաբերվել որպես առևտրականի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Մի խումբ ատամնաբույժներ նոյեմբերի 7-ին հավաքվել էին ՀՀ առողջապահության նախարարության շենքի մոտ՝ բողոքի ակցիա անելու։ 24News-ի թղթակցի հետ զրույցում նրանք տեղեկացրել են, որ պահանջում են վերանայել 2013 թվականին ընդունված «Արտոնագրային վճարների մասին» օրենքը։ Ըստ ատամնաբույժների՝ նույն պրակտիկան այսօր էլ շարունակվում է․ պետությունն իրենց վերաբերվում է որպես առևտրականի։

Հիշեցնենք՝ 2013-ին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ մեկ ատամնաբուժական աթոռի վճարը սահմանվել է 80 հազար դրամ։

Թեև նախարարության շենքի դիմաց հավաքվել էին ընդամենը մի քանի ատամնաբույժներ՝ հիմնականում «Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ-ի անդամները, սակայն վերջիններս պնդում են, որ սահմանված հարկատեսակից դժգոհ է ատամնաբույժների 80 տոկոսը։ Նրանք առաջարկում են արտոնագրային վճարը 50 տոկոսով նվազեցնել։

«Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Գևորգյանը նշել է, որ դեռ մայիսին առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն արձագանքել է իրենց բողոքներին՝ խոստանալով հնարավոր փոփոխությունների հարցը քննարկել ՊԵԿ-ի և առողջապահության նախարարության պատկան մարմինների հետ։ Ատամնաբույժները դիմել են նաև վարչապետին ու ֆինանսների նախարարությանը։

Վարչապետը հանձնարարական է տվել հիշյալ գերատեսչություններին համատեղ հանդիպում կազմակերպելու։ Ըստ Հովհաննես Գևորգյանի՝ ատամնաբույժները խնդրանքով դիմում են Փաշինյանին, որպեսզի օրենքում կատարվելիք բարեփոխումների գործընթացում ներգրավվեն շահագրգիռ բոլոր կողմերը։