«Հայաստանը խաղաղ ժողովրդավարական անցման ուղիով է գնում». Կլեման Վուլեն Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն այցելել է Հայաստան՝ նոյեմբերի 7-16-ը գնահատելու խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի իրականացումը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը:

«Հայաստանը խաղաղ ժողովրդավարական անցման ուղիով է ընթանում. այն հսկայական ներուժ ունի մարդու իրավունքների ու հատկապես խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի   համապարփակ պաշտպանության  և ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև  օրենքի գերակայության առումով ժողովրդավարական ձեռքբերումներից և տնտեսական զարգացումից օգտվելու համար», - ասել է մարդու իրավունքների անկախ փորձագետը և հավելել, որ այցը  հնարավորություն կընձեռի ուսումնասիրելու Հայաստանում խաղաղ հավաքների և միություններ կազմելու ազատությանն առնչվող խնդիրները՝  ներգրավված տարբեր դերակատարներից անմիջականորեն ստացված տեղեկատվության միջոցով:

10-օրյա առաքելության ընթացքում Վուլեն կայցելի Գյումրի, Վանաձոր, Վայք և Երևան, կհանդիպի կառավարության աշխատակիցների, դատական համակարգի, օրենսդիր համակարգի ներկայացուցիչների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ, կհանդիպի դիվանագիտական կորպուսի, ՄԱԿ-ի համակարգի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հատուկ զեկուցողի մամուլի ասուլիսը կլինի նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ին, ՄԱԿ–ի գրասենյակում: Հատուկ զեկուցողն այցի մասին համապարփակ զեկույցը կներկայացնի 2019 թ. հունիսին Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին :