Հայտնվեք ԱԺ-ում, հետո որոշեք՝ ընդդիմությո՞ւն եք, թե՞՝ ոչ․ Մարուքյանը Շարմազանով է ցիտել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով նոր խորհրդարանում ՀՀԿ-ի՝ ընդդիմադիր լինելուն, հայտարարել է․

«Իմ հաշվարկներով գիտեմ, որ ՀՀ քաղաքացին անգամ ամենասուրբ ռեյտինգային թեկնածուի խաթեր չի գնա և վերցնի ՀՀԿ քվեաթերթիկը, Շարմազանովին ասեք՝ հայտնվեք խորհրդարանում, հետո որոշեք՝ ընդդիմությո՞ւն եք լինելու, թե՞՝ ոչ»։

Անդրադառնալով խոսակցություններին, թե ԼՀԿ -ն կեղծ ընդդիմության դերակատարությունն է ստանձնելու, Էդմոն Մարուքյանը Շարմազանովին է ցիտել․

«Մի՛ փորձեք սրա-նրա վրա տակառ գլորել․ նույն Շարմազանովը մի ասացվածք ուներ, որ ամեն օր ասում էր՝ երբ որ ապրում ես ապակե տնակում, սրա-նրա վրա քար մի՛ նետիր»։

Իսկ ԼՀԿ-ն ինչպե՞ս է հարթելու ֆինանսական խնդիրները, միջոցներ ո՞րտեղից․ ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանն ասել է՝ ֆինանսական խնդիրները միշտ կան․ «Ֆինասական խնդիրների համատեքստում ասեմ, որ միշտ էլ խնդիրներ կան, որքան շատ փող լինի այնքան շատ կարող ես ծախսել: Ասենք՝ ծախսելու ենք մի միլիոն դրամ, դա տալու է 10 միլիոնի էֆեկտ, սա է մեր մոտեցումը։ Դրամահայթայթման միջոցառումներ կլինեն, մեր գործընկերները, համախոհները, ռեյտինգային թեկնածուները, բոլորը պիտի ներդրում կատարեն, որ քարոզարշավը լինի»,-ասել է Մարուքյանը։