Հրանտ Դինքի կնոջը սպանել սպառնացող Թուրքիայի քաղաքացին բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

դինքի.այրի
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, մահով սպառնացած Հ․ Ա․ անունով Թուրքիայի քաղաքացու դեմ հետաքննություն է սկսվել վերջինս բերման է ենթարկվել։

Նշենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը նախօրեին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ»  է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել են սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։

Նամակում մասնավորապես շեշտվել է հետևյալը․ «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։ 

Բերման ենթարկված անձը Քոնյայի հիվանդանոցներից մեկում ստուգվելուց հետո տեղափոխվել է Քոնյայի ոստիկանության նահանգային վարչություն, այնուհետև՝ Ստամբուլ։ Կասկածյալը մեղադրվում է «դիտավորյալ վնասվածք հասցնելու, սպառնալու և վիրավորանք հնչեցնելու մեջ»։  

Քաղաքացին իր խոստովանական ցուցմունքում նշել է, որ նամակ ուղարկելու պատճառն այն է, որ ինքն ազդվել է համացանցի միջոցով ծանոթացած ազգությամբ ադրբեջանցի իր ընկերուհու՝ Ղարաբաղում հայերի մասին պատմածներից։ 

Նա խոստովանել է, որ բացի ուղարկած նամակից զանգահարել հայկական եկեղեցիներից մեկը, սակայն նրա հեռախոսազանգին չեն պատասխանել։