Գարեգին Բ-ն Մայր Աթոռում ընդունել է Արևելագիտության ֆակուլտետի դասախոսական անձնակազմին

ԵՐԵՎԱՆ, նոյեմբեր 7, 24News

Thumbnail

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց  Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին` գլխավորությամբ ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին` բարձր գնահատելով ֆակուլտետի գործունեությունը արևելագիտության զարգացման գործում: Նորին Սրբությունը մեծապես կարևորեց արևելագետ մասնագետների պատարաստումը՝ ուսանողներին հորդորելով ուսման մեջ լինել ջերմեռանդ, իսկ հայրենիքին ծառայելու հարցում` նախանձախնդիր:

Իր որդիական խոնարհումը և երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբությանը՝ պրոֆեսոր Մելքոնյանն անդրադարձավ արևելագիտության զարգացման գործում հոգևորականության նշանակալի դերին, ինչպես նաև ֆակուլտետի հետ սերտ համագործակցությանը. այսօր էլ հոգևորականները դասախոսություններով իրենց նպաստն են բերում 50-ամյա ֆակուլտետի արդյունավորմանը:

Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու պատմությանը և ներկա մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս