50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News 

Երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության, հատկապես համաշխարհային պանդեմիայի այս դժվար ժամանակներում։

«Գալաքսի» ընկերությունների խումբը՝ համագործակցելով «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ, այս տարվա հունիսմեկյան իր հոգատարության նախագիծն ուղղել է Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաներին։

Նախագծի շրջանում «ՍՕՍ»-ի 50 շահառու երեխաներ, ի հավելումն նվերների ու անակնկալների, ապահովվել են պլանշետներով և մշտական Ucom կապով, որպեսզի կարողանան հեռավար դասավանդման դպրոցական ծրագրից հետ չմնալ։

«Գալաքսի» ընկերությունների խմբի և «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի համատեղ նախագիծը սոցիալական աջակցությունից զատ կրթական ու մոտիվացիոն կարևոր կոմպոնենտ ունի։

Նախագծի շրջանակում ընկերությունների խմբի հաջողած ղեկավարներն ու աշխատակիցները ձեռագիր նամակներով իրենց պատմությունները կիսվել են երեխաների հետ՝ հավատացնելու, որ կրթությամբ ու աշխատասիրությամբ ամեն ինչ հնարավոր է։

Բնականաբար, հունիսի 1-ը երեխաները որպես տոն են ընկալում, ուրեմն տոնի համար գրքեր, քաղցրավենիքներ ու ժպիտներ ևս առաքվել են երեխաներին։

Խոցելի խմբերում գտնվող երեխաների ինքնությունները չբացահայտելու համար արշավի մասին որևէ կադրում նրանք չեն երևա։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին՝ Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից։

20 տարվա գործունեության արդյունքում «Գալաքսին» 30 հոգանոց թիմից կարողացել է դառնալ Հայաստանի թիվ մեկ գործատուն՝ ավելի քան 3000 աշխատակիցներով և ավելի քան մեկ միլիոնի հասնող բաժանորդների թվով։

Վերջին հրապարակված տվյալներով, ընկերությունների խմբի տարեկան հարկային պորտֆելը կազմում է 13 մլրդ դրամ, իսկ ընկերությունների խմբի շրջանառության զգալի տոկոսն ուղղվում է սոցիալական պատասխանատվության ծրագրերին՝ կրթության, սոցիալական զարգացման, նորարարության և մտավոր կապիտալի ստեղծման ոլորտում՝ մարդկանց կյանքի
որակը բարելավելու նպատակով։

Հայաստանի Հանրապետությունում «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։

Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: Այսօր, ՍՕՍ Մանկական Գյուղեր գործում են աշխարհի 136 երկրներում և տարածքներում՝ յուրաքանչյուր տարի աջակցելով հարյուր հազարավոր երեխաների այլընտրանքային խնամքի, ընտանիքների ամրապնդման, դպրոցների, առողջապահական կենտրոնների և այլ համայնքահեն աշխատանքի միջոցով: