Ուհանում ապրիլի 1-ից ի վեր առաջին անգամ չեն հայտնաբերվել COVID-19-ի ասիմպտոմ դեպքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

ուհան.կորոնա

Կորոնավիրուսի օջախ դարձած Ուհանում ապրիլի 1-ից ի վեր, առաջին անգամ չեն հայտնաբերվել COVID-19-ի ասիմպտոմ դեպքեր: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է քաղաքի հիգիենայի և առողջապահության հարցերով կոմիտեի հայտարարության մեջ:

Ընդհանուր առմամբ, Չինաստանում, մեկ օրում կորոնավիրուսով վարակման 16 նոր դեպք է գրանցվել. դրանք արտասահմանից ժամանածների շրջանում էին:

Նշենք, որ մայիսի 15-24-ը Ուհանի իշխանությունները կազմակերպել են քաղաքի ամբողջ բնակչության զանգվածային թեստավորում, որի ընթացքում հավաքվել է 6,5 մլն բնակիչների 9 մլն նմուշ: Թեստավորման ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ասիմպտոմ 218 դեպք։

ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահեր չեն գրանցվել, երեք մարդ դուրս է գրվել բուժհաստատություններից: Արտերկրից ՉԺՀ ժամանած ոչ մի վարակված մարդ չի մահացել։

Չինաստանում, հիվանդության բռնկումից ի վեր, հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 83 017-ի, մահացել է 4 634 մարդ, 78 307-ը բուժվել և դուրս են գրվել բուժհաստատություններից: Ներկայումս Չինաստանում 76 հիվանդ դեռևս շարունակում է բուժում ստանալ. նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր: