Մնացականյանը Մորթնին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ՀՀ դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

զոհրաբ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 1-ին բրիտանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսազանգը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ:

Նախարար Մնացականյանը շնորհավորել է Ուենդի Մորթնին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր կարևոր առաքելության մեջ:

Երկուստեք պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել հայ-բրիտանական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մարդկանց միջև շփումների խթանման միջոցով:

Զոհրաբ Մնացականյանը և Ուենդի Մորթնը մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղղությամբ ինչպես գլոբալ, այնպես ազգային մակարդակներով ձեռնարկվող քայլերի շուրջ: Միաժամանակ նախարար Մնացականյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունն առաջ ընթանալու նախաձեռնված լայնամասշտաբ բարեփոխումներով՝ ուղղված  ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը:

Տեսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները: