Անօթևանների խնդիր կա, բայց մեր ռեյտինգի վրա դա չի ազդում. Շիրակի մարզպետ

ԱԺ–ում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը,  մեկնաբանելով ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվելու մասին, հայտարարել է, որ դեռ իր մասով հստակ որոշում չկա։ 

«Մեր կուսակցության ռեյտինգային թեկնածուների ցանկն ընտրում է կուսակցության վարչությունը, այս պահին դեռ որոշում չկա, քննարկումների փուլում ենք»,–ասել է մարզպետը՝ կարծիք հայտնելով, որ ՔՊ–ն Շիրակի մարզում 15 ռեյտինգային թեկնածու է ունենալու։

Մարզպետը խոսել է նաև իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի մասին. «2017 թվականի համեմատ 2018 թվականին մարզում 600 աշխատատեղ է ավելացել։ Բողոքներ կան, հիմնականում բողոքում են անօթևանների խնդիրների հետ կապված, այս պահին կառավարության հետ քննարկումների փուլում ենք, թե ինչ լուծումներ կարող ենք տալ»,-ասել է Կարեն Սարուխանյանը և ընդգծել, որ չի կարծում՝ անօթեւանների խնդիրը կարող է ազդել ՔՊ–ի վարկանիշի վրա։

Անդրադառնալով Շիրակի մարզում Ֆելիքս Ցոլակյանի առաջադրվելուն՝ մարզպետն ասել է, որ նախարարի պաշտոնակատարը մեծ հեղինակություն ու հարգանք ունի մարզում, որն էլ կապացուցվի ընտրությունների ժամանակ։

Ինչ վերավերում է Ցոլակյանի օգտին ձայներ բերելու համար վարչական ռեսուրս օգտագործելու ասեկոսեներին մարզպետը պատասխանել է. «Վստահ եմ, որ չի օգտագործվի վարչական ռեսուրս, բայց ընթացքում կտեսնենք, քարոզարշավը կսկսի, կտեսնենք ինչ է կատարվում։ Հետեւողական ենք լինելու, որ չկիրառվի»։

Մարզպետը ցանկություն ունի ընտրությունից հետո պաշտոնավարելու, քանի որ դեռ անելիքներ ունի, իսկ քաղաքացիների շրջանում դեռ մեծ վստահություն չունի։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս