Կա՛մ հաքերային հարձակում է, կա՛մ ներքին սաբոտաժ. փորձագետը՝ մահերի մասով արտահոսքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News

սամվել

Մեդիատեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Զնդան» էջի հրապարակմանը Հայաստանում կորոնավիրուսով մահացածների տվյալների վերաբերյալ:

«Կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքի վերաբերյալ մի երկու բան ասեմ.

1. Էջը, որտեղ դրանք հայտնվել են, երկու բան ունի հետը կապված.

ա. ունի մեկ ադմին, որը գտնվում է ՌԴ-ում,

բ. այս էջն էր տարածում Սաֆարյան Ստյոպայի հեռախոսից իբր վերցրած, ֆոտոշոփ արած սքրինշոթներ նամակագրություներից,

2. սա կա՛մ հաքերային հարձակում է, կա՛մ ներքին սաբոտաժ։ Կապ չունի, երկու տարբերակն էլ խոսում են այն մասին, որ անձնական տվյալները անպաշտպան են։

Եվ հարց է առաջանում մեր բոլորիս տվյալների պաշտպանության՝ կախված հեռախոսների վերահսկողության համակարգի, որն արդեն երրորդ ամիսն է աշխատում է Հայաստանում։ Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում, կամ ադրբեջանական հետախուզության ձեռքում։

Պատգամավորներին կրկին, N-երորդ անգամ կոչ եմ անում ստեղծել հանրային վերահսկողության հանձնաժողով, ներառել ընդդիմադիր պատգամավորների եւ անկախ մասնագետների, տեր կանգնել մեր բոլորիս տվյալներին։ Նման արտահոսքերի էս վիճակում պարզապես անթույլատրելի են»,– գրել է մեդիափորձագետը և հավելել մի քանի պաշտոնյանի անուններ։

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել է կորոնավիրուսից մահացածների անունների ցանկը, որը քննարկումների պատճառ է դարձել: