Հունիսի 7-ին նախատեսվում է Կիև-Երևան չարթերային թռիչք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

չարթերային թռիչք

Ուկրաինայիում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին ժամը 15։10-ին նախատեսվում է Կիև-Երևան չարթերային թռիչք.

«Ուկրաինական SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 7-ին ժամը 15։10-ին կազմակերպել Կիև-Երևան չարթերային թռիչք՝ կոմերցիոն հիմունքներով (մեկ ուղղությամբ տոմսի արժեքը՝ 189 Եվրոյի համարժեք ուկրաինական հրիվնա):

Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմի․ այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ առողջապահության նախարարության կողմից տեղափոխվելու են իրենց կողմից նախապես տրամադրած հասցեներով։ Բոլոր ուղևորները պետք է ստորագրեն ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ Ծանուցագիր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող կամ ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։

Ինքնաթիռում առկա է միայն 99 նստատեղ և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության, ուստի խնդրում ենք Հայաստան վերադառնալ ցանկացողներին շտապ հաշվառվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում (հեռախոս՝ +38 044 486-49-96, +38 073 373-74-47, էլ. փոստ armconsulateukraine@mfa.am) կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում (հեռախոս՝ +38 048 703-91-78, +38 068 300-88-77 էլ. փոստ armgenconsulateodessa@mfa.am

Նշվում է, որ հունիսի 2-ի դրությամբ հաշվառված է 89 ուղևոր, սակայն հնարավոր են հրաժարվողներ։ Ցուցակը կհրապարակվի ավելի ուշ։ Տոմսերի համար հնարավոր կլինի վճարել օդանավակայանում՝ մեկնելուց առաջ։

Մեկ ուղևորի տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչև 7 կգ (55х40х20սմ), մեկ մինչև 3 կգ (35x20x10սմ) իր և մինչև 23 կգ 1 (մեկ) կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)։ Լրացուցիչ ուղեբեռը վճարովի է (վճարվում է Բորիսպիլ օդանավակայանում)։

Թռիչքը կատարվելու է «Բորիսպիլ» օդանավակայանի F տերմինալից:

Տեսանյութեր

Live

Լրահոս