Ոստիկանները բացահայտել են Սպիտակի ապօրինի ծառահատման դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Սպիտակի բաժնում անտառխախտման արձանագրություն է ստացվել, համաձայն որի՝ հոկտեմբերի 22-ին Սպիտակի անտառպետության 7 պահաբաժնի թիվ 4 քառակուսու թիվ 30 անտառամասում (Սարահարթ համայնքի վարչական տարածք) հայտնաբերվել են անհայտ անձի կողմից հատված 16 հատ տարբեր տրամագծի ցցաչոր սոճենի ծառերի կոճղեր:

Նոյեմբերի 6-ին նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված ծառերից 8-ը սեպտեմբերի կեսերից մինչև սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում ձեռքի սղոցով հատել և փայտանյութն իր տան բակ է տեղափոխել 1983 թ. ծնված Կարեն Հ.-ն, իսկ մյուս 8-ը՝ հոկտեմբերի կեսերին նույն եղանակով հատել և իր տան բակ է տեղափոխել վերջինիս համագյուղացի 1991 թ. ծնված Սասուն Գ.-ն։ Վերջիններս տվել են խոստովանական բացատրություններ:

Հատված ծառերից պատրաստված փայտանյութը վերցվել է, նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ոստիկանություն