184 փոքր ՀԷԿ-երից 143-ը տարիներ շարունակ շահագործվել են խախտումներով․ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ տարածքում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԵՑ առաքման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ուսումնասիրությունից հետո ՀՀ գլխավոր դատախազը հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին: Այս մասին հայտոնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը։

ՀՀ վարչապետի՝ 2018 թ․ սեպտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից իրականացված ուսումնասիրությունների, ստուգումների և հսկողական գործառույթների արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարածքում շահագործվող ընդհանուր 184 փոքր ՀԷԿ-երից, որոնցից 147-ի շահագործման լիցենզիան տրվել է մինչև 2014 թ.-ը, 143-ում բացակայել են ջրաչափական սարքերը, ինչը հակասել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին: Որոշ դեպքերում փոքր ՀԷԿ-երում չեն պահպանվել բնապահպանական թողքերի ծավալները՝ մի քանի անգամ խախտելով թույլատրված չափաքանակները, ինչպես նաև գետի հունում բացակայել են ձկնապաշտպան կառույցները և ձկնանցարանները, իսկ առկայության դեպքում, չեն ծառայել իրենց նպատակներին: Արձանագրվել են նաև ջրօգտագործման թույլտվություններով տրված ջրառի չափաքանակների բազմակի գերազանցման փաստեր:

Պարզվել է, որ լիազոր մարմնի` ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, տարիներ շարունակ միջոցներ չեն ձեռնարկել ՀՀ տարածքում շահագործվող 143 փոքր ՀԷԿ-երում ջրօգտագործման հաշվառման արդի տեխնոլոգիաների` սարքերի և սարքավորումների ներդրման հետ կապված խախտումները հայտնաբերելու, արձանագրելու, խախտումների դեպքում օգտագործման թույլատվությունը կասեցնելու կամ չեղյալ համարելու, ինչպես նաև ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 63.2 հոդվածով ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու համար նախատեսված տուգանքը` 29.000.000 դրամը, նշանակելու և գանձելու ուղղությամբ: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: