«Մեյմանդար»-ում տեղի ունեցածի փաստով հարուցվել է քրգործ, կան ձերբակալվածներ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հունիսի 2-ին «Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցած դեպքերի փաստով հարուցվել է քրեական գործ:

«Մեյմանդարի» շուկան փակված է։ Գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ ավելի վաղ տեսչական մարմիններն ստուգումներ են իրականցնել «Մեյմանդարի» շուկայում և պատժամիջոցներ կիրառել տնտեսվարողների նկատմամբ։ Արձանագրված հիմնական խախտումներն են դիմակի թերի կրումը, ձեռնոց չօգտագործելը, որոշ տեղերում՝ ախտահանիչների բացակայությունը:

«Մեյմանդարի» շուկայի տնտեսվարողները, սակայն, երեկ՝ հունիսի 2-ին, բողոքի ակցիա են արել՝ դեմ արտահայտվելով շուկան փակելուն: