178 քրգործով՝ որպես պետությանը պատճառված վնաս, վերականգնվել է 86 միլիոն դրամ․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

ՀՀ քննչական կոմիտեն 2018 թվականի հունվարի մեկից մինչև հոկտեմբերի 31-ը շարունակել է տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննությունը: Այս մասին հայտնում է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կամ ծառայողների առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում 2018 թվականի 10 ամիսների ընթացքում քննվել է 178 քրեական գործ, որոնց քննության արդյունքում որպես պետությանը պատճառված վնաս վերականգնվել է 86 միլիոն 269 հազար 663 դրամ:

Քրեական գործերը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 308-րդ, 314-րդ և 325-րդ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերին։ Հարուցված 178 քրեական գործերից 11-ը՝ 11 համայնքի ղեկավարի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նշված քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել է 36.647.100 դրամ, որից վերականգնվել է 26.919.200 դրամը:

33 քրեական գործով որոշում է կայացվել գործով վարույթը կարճելու մասին, որից 13-ը՝ արդարացնող՝ հանցակազմի կամ հանցադեպի բացակայության հիմքով, իսկ 20-ը՝ ոչ արդարացման՝ գործուն զղջալու հիմքով:

Կարճված քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 13.528.963 դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական գործերի մի մասը նախաքննության ընթացքում միացվել է մեկ վարույթ և ներկայումս առկա է 92 քրեական գործ, որոնցով 21 համայնքի ղեկավարների առաջադրվել են մեղադրանքներ:

Քննչական կոմիտեի վարույթում առկա քրեական գործերով կատարվում են բոլոր քննչական և դատավարական գործողությունները՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ:
 

Տեսանյութեր

Live

Լրահոս