Սև ու սպիտակի մունետիկները կամ հայելին, որի մեջ պիտի նայես

Thumbnail
(Կույրն առաջնորդում է կույրերին" - Պիտեր Բրեյգել Ավագ, 1568թ.)

«Խենթանոցում յուրաքանչյուրը կարող էր դուրս տալ ինչ խելքին փչեր, ինչպես պառլամենտում»:

«Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

Իրավիճակը մտավ նախընտրական փուլ, և ապագա Ազգային Ժողովի կմախքը սկսեց միս ու արյուն փնտրել: Հեղափոխության անձրևից հետո փխրուն դարձած հողում երևացին սունկ - կուսակցությունները` արևի իրենց բաժին շողի ջերմության հույսով: Գործող քաղաքական միավորները ընկան փնտրտուքների մեջ: Բոլորը անորուշություն են ապրում: Կառավարման պառլամենտական ձևի ժամանակ նույնիսկ կայացած քաղաքական - կուսակցական մշակույթ ունեցող պետություններն են հայտնվում ոչ կարճատև ճգնաժամների մեջ: Մեզ մոտ կայացման նշույլների աղերսը դեռ չկա: Անխոս, այս սահմանադրությունը պետք է փոխվի` այն ստեղծվել էր ուրիշ նպատակի համար, որն այլևս չկա: Փոփոխելու մասին` ոչ մի խոսակցություն: ՀՀ - ն պետք է վերադառնա կիսանախագահական տեսակին, որն իր կենսունակությունը ապացուցել է, կամ անցնի լրիվ նախագահական սահամանադրությանը: Սա ռազմական մթնոլորտում գտնվող ու պատերազմի պատրաստվող պետության համար ավելի հարիր է: ԱԺ-ում հայտնվելու հնարավորություն ունեցող ուժերի մի մեծ մասը բացարձակապես պատրաստ չեն պատասխանատվություն վերցնելուն: "Քաղաքացիական պայմանագիր" - ը, դեռ չկայացած որպես կուսակցություն, դարձավ իշխանություն` կորցնելով կայանալու շանսը, և մեծ է հավանականությունը նրա` կարիերիստներով համալրվող վարչական ռեսուրսի վերածվելու: Դասական քաղաքագիտության տեսանկյունից ԲՀԿ-ն նույնպես կայացած չէ: Դա մեկ օլիգարխի շահերի քաղաքական ապահովվման կենտրոն է, զուրկ ներքին ինքնուրույնությունից ու այլակարծությունից, գրեթե միշտ միջանկյալ դերում: ՀՀԿ-ն չգնաց ներքին ֆիլտրացման, վերափոխման, և հետևում է ավելի շուտ պրագմատիկ քայլերից բխող դիվիդենտներից հնարավոր օգուտ քաղելուն: Նոր իշխանության կողմից ռեյտինգային ԸՕ թողնելը և քարոզարշավի կարճատևությունը (նախընտրական մայիսն իջավ ու դեկտեմբեր դարձավ` բոլորի համար ժամանակը անակնկալ կրճատելով) վերոնշյալ միավորներին են տալիս անցնելու ամենամեծ շանսը: Սա լինելու դեպքում մենք կունենանք օրենսդիրում իրար մաշող ուժեր և տեղի չի ունենա համակարգի ստեղծում, ուժեղ պետության և դեմոկրատական հասկացողությունների արժեքային կապիտալիզացիա: Բայց վիճակը բացառում է հետաձգում: Միջազգային ու աշխարհաքաղաքական մթնոլորտն շիկանում է, խնդիրները սրվում են, բախումների հավանականությունը մեծանում ու մոտենում է: Հայաստանի ներքին պրոբլեմները և արտաքին դիմադրողականությունը պահանջում են կտրուկ ու ֆունդամենտալ քայլեր: Եվ Ռուբիկոնը կանցնեն արտախորհրդարանական հարթությունում ձևավորված լուրջ ուժերը, որոնք իրենց դաշնակիցները կունենան պառլամենտում: Դա այն գործիչներն են լինելու ովքեր, անկախ իրենց ֆրակցիաներից, պետականամետ, սթափ ու կամային տեսակ են: Չի կարելի թույլ տալ հիասթափության նոր ալիք կամ դրա երկարատևություն: Չպիտի լինեն օխլոկրատիկ գործընթացներ, պերմանենտ իշխանափոխություն - հեղափոխություններ: Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ կա ուժեղ, արժեհամակարգ ունեցող, պետականության բարձր գիտակցությամբ, հավատավոր վճռականների կարիք` նրանց հավաքելու, միավորելու խնդիր:

Ռուբեն Վարդանյան

պատմաբան