Ուղղակի կատաստրոֆա է. դաժան խոսակցություն եմ ունեցել ԱԱԾ և ոստիկանության պետերի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի հետ կորոնավիրուսի վերաբերյալ իրավիճակն իրեն ոչ պատշաճ զեկուցելու համար։ Այդ մասին վարչապետը հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ՝ իրավիճակը որակելով «կատաստրոֆա», ապա հայտարարել, որ ոչ մի ուժային կառույց ի վիճակի չէ լուծելու խնդիրը։

«Եկել եմ այն եզրակացության, որ աշխարհում չկա մի այնպիսի ուժային կառույց, որը կկարողանա այս հարցը լուծել:

Ես շատ դաժան, կոշտ զրույց եմ ունեցել ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի հետ իրավիճակը ինձ ոչ պատշաճ զեկուցելու համար, որովհետև էն, ինչ ես տեսա քաղաքացիների օգնությամբ, կատաստրոֆա է: Դա իմ խնդիրն է, ոստիկանության հետ կապված իմ ասած խնդիրը ես կլուծեմ, ես եմ պատասխանատուն, բայց էն, ինչ կատարվում է, ոչ մի ուժային կառույց ի վիճակի չէ լուծելու, անգամ եթե ժամացույցի նման աշխատեն, խնդիրը չի լուծվի»,–ասել է վարչապետը, ապա նաև հայտարարել, որ  կենտրոնական հատվածների խնդիրներով ինքն անձամբ կզբաղվի:

«Ի՞նչ է կատարվում դպրոցներում, դպրոցների տնօրեննե՛ր, դասղեկնե՛ր, ի՞նչ է կատարվում բանկերում, շուկաներում, հիմա մեզ հետևում է նաև Հակոբ Արշակյանը, պարո՛ն Արշակյան, «Հայփոստի» բաժանմունքներում էս ի՞նչ է կատարվում: Հյուսիսային մաքսատուն... կատաստրոֆա է սա։ Սա կազմակերպչական խնդիր չէ զուտ, ամեն քաղաքացի եթե խնդիրն իրենը չի համարում, այս խնդիրը չի լուծվի»,–ասել է Փաշինյանը, ապա կրկին հիշեցրել, որ հիվանդանոցներում տեղերը սպառվում են, մինչդեռ եթե մարդիկ հակահամաճարակային կանոնները պահեն, դեպքերն 95 տոկոսով քիչ կլինեն։

Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրել է, որ ինքն էլ է վարակվել կորոնավիրուսով, ուրեմն ոչ մի քաղաքացուց լավը չէ։ Վարչապետն ընդունում է իր սխալը և որ ընդունում է իր սխալը և փոխում սեփական վարքագիծը: