Արթուր Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

գևորգյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի ապրիլի 9-ի որոշման դեմ պաշտպանների բողոքը.

«Բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ առաջադրված բոլոր մեղադրանքներով առկա է նրա կողմից ենթադրյալ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը, և եզրակացրել, որ հատկապես քննությունից թաքնվելու, քրեական պատասխանատվությունից խուսափելուն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու հնարավորության հիմքերի առկայության պայմաններում կալանավորումից բացի որևէ այլ խափանման միջոց ողջամտորեն ի զորու չէ ապահովելու մեղադրյալի դատավարական պատշաճ վարքագիծը»,- ասել է Աբրահամյանը՝ հավելելով, որ վերաքննիչ դատարանը, ըստ էության, հիմնազուրկ է համարել նաև Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը ոչ իրավաչափ լինելու մասին պաշտպանների պնդումները:

Հիշեցնենք՝ Արթուր Գևորգյանը որպես մեղադրյալ ներգրավվել է ապրիլի 9-ին ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՀՀ ՔՕ-ի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրումը) և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը): Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:

Անդրադառնալով դրան՝ հաջորդ օրը Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջով հայտարարեցլ է, որ ծանուցում չի ստացել, մամուլից է տեղեկացել քրեական գործի մասին, և իր գտնվելու վայրը ամենևին էլ անհայտ չէ: