Միջազգային դատականի մակարդակով ամրագրվեց՝ Ադրբեջանում հայերի նկատմամբ կա խտրականություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Արման Թաթոյան

Այս վճիռը գալիս է հաստատելու, որ Ռ.Սաֆարովի ազատ արձակումը և հերոսացումը, դաժանության համար նրան տրված արտոնություններն ապահովում են անպատժելիություն նման ոճրագործությունների համար...

Մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի կամ այլ կերպ՝ Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով վճիռը, որն ունի պատմական նշանակություն մարդու իրավունքների ողջ համակարգի համար: Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Այս վճռով Եվրոպական դատարանն արձանագրեց, որ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնի մեկ տասնյակից ավել հարվածներով քնած վիճակում գտնվող հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը և հետո Հայկ Մակուչյանի վրա հարձակումը հայատյացության հետևանք է: Այս վճիռը գալիս է հաստատելու, որ Ռ.Սաֆարովի ազատ արձակումը և հերոսացումը, դաժանության համար նրան տրամադրված արտոնություններն ապահովում են անպատժելիություն նման ոճրագործությունների համար, հիմքեր են ապահովում ատելության խորացման համար:

Հիմնարարն այն է, որ վճռով միջազգային դատական ատյանի մակարդակով ամրագրվեց, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ առկա է խտրականության համակարգված քաղաքականություն էթնիկ պատկանելիության հիմքով:

Այս գործով անգնահատելի դեր է ունեցել Սիրանուշ Սահակյանը (Siranush Sahakyan), որն անչափ բարդ, բայց գերճշգրիտ աշխատանքով կարողացել է ողջ իրականությունը ներկայացնել Եվրոպական դատարանին: Գործի քննության ընթացքում մեծ կարևորության աշխատանքներ է կատարել Լևոն Գևորգյանը (Levon Gevorgyan): Տիկին Սահակյանը և պարոն Գևորգյանը ասուլիսով ներկայացրին իրենց կատարած հսկայական աշխատանքն ու դատարանի վճռի արժեքը: Պետք է կարևորել Նազելի Վարդանյանի դերը. առանց Հունգարիայում նրա կատարած կարևոր աշխատանքների տուժողների շահերի պաշտպանությունը չէր լինի այսքան արդյունավետ:

Վճռի տեքստն այստեղ՝ …»։