ԶՈՒ-ն կրել է մեծ կորուստ, դեռ հիմնական պատճառը չգիտենք. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին ՊՆ բեռնատարի վթարի պատճառը, որի հետևանքով 4 զինվոր մահացել է, 8-ը՝ վիրավորել, դեռևս մինչև վերջ հայտնի չէ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում: Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է: Հարգելիներս դեռ որևէ հիմնական պատճառ չգիտենք: Չենք կարող ասել մարդկային գործոնի հետևանք է, թե տեխնիկական: Տեղի կունենա քննություն և վստահ եղեք, որ եթե կան մեղավորներ ապա անպայման խստորեն կպատժվեն: ՀՀ ԶՈւ-երը իրականացնում են ինտենսիվ մարտական պատրաստություն և զորվարժություններ, ինչը նշանակում է նաև մեծ տեղաշարժեր: Իսկ նման դեպքերում ցավոք երբեմն հնարավոր չի լինում խուսափել դժբախտ պատահարներից: 
Նորից ու նորից ցավում ենք մեր կորստի համար»:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ մակնիշի ավտոմեքենան այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 12։00-ի սահմաններում Կուբաթլիից դեպի Խնձորեսկ ճանապարհին վթարի է ենթարկվել, որի հետևանքով 4 զինվորներ մահացել են, կան վիրավորներ։