Արսեն Թորոսյանն այս իշխանության սիմվոլն է. գործում դիլետանտ, մեծամիտ, ինքնահավան. Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

դավիթ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում կարծիք է հայտնել, որ առողջապահության նախարարը այս իշխանության սիմվոլն է, այն է՝ գործում դիլետանտ, մեծամիտ և ինքնահավան:

«Իշխանության սիմվոլն է, քանի որ շատերն էին իր հետ հույս կապում ոլորտի զարգացման հարցում, իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք:

Իշխանության սիմվոլն է, քանի որ իր մեծախոսությամբ վնասեց հարևան երկրի հետ հարաբերությունները` լարվածություն թողնելով պետությունների միջև:

Իշխանության սիմվոլն է, քանի որ երկրի քաղաքացիները ցերեկ թե գիշեր իրեն են «մտաբերում», իսկ նա դեռ երես ունի այլոց քննադատելու:

Իշխանության սիմվոլն է նաև այն իմաստով, որ անարգանք ցուցաբերեց դատարանի նկատմամբ հակադարձ հայցեր ներկայացնելով, բայց այդպես էլ դատարանի պահանջը չկատարելով:

Եվ եթե դեռ կա մեկը, ով կարծում է, թե Արսեն Թորոսյանը հիմա նստած մտածում է ինչպե՞ս մարսել իրադրությունը, ապա նա չի ճանաչում ներկայիս իշխանությանը և վերջինիս սիմվոլ նախարարին, քանզի նա համոզված է, որ իրենից լավ և իրենից ավել որևէ մեկը չէր կարող գործել այս իրավիճակում»,-գրել է Խաժակյանը։

Նշենք, որ ավելի վաղ նախարար Արսեն Թորոսյանը գրառում էր արել ֆեյսբուքյան էջում՝ «Լուսավոր Հայաստան»-ին անվանելով իր իսկ քաղաքական գերեզմանը փորող կուսակցություն։

«Իրենց իսկ քաղաքական գերեզմանը փորող մի կուսակցություն, որը կարծես «Լուսաւոր կկոչուի» այսօր մի նվագախմբի պես ինձ մեղադրում է «վիրուսի դեմ պայքարը» տապալելու մեջ` մոռանալով, թե ով էր դեմ արտակարգ դրության երկարացմանը, կոնտակտավորների հայտնաբերման ՏՏ համակարգի ներդրմանը, դիմակների կրմանը, ով էր կոկորդ պատռում, որ արագ վերաբացվի վարակի տարածման աղբյուր հանդիսացող հանրային տրանսպորտը և այսօր արդեն կրկին տասնյակ վարակակիրներ ունեցող մեծ արտադրական ձեռնարկությունները, ով էր կասկածի դնում հյուրանոցներում կարանտինի ապահովման նպատակահարմարությունը` դա համարելով «շռայլություն» և «նկարչություն»,-գրել էր Թորոսյանը: