Հնարավոր է մեծ բռնկում. Արսեն Թորորսյանը՝ արտադրամասերում գրանցված դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի մեկնարկին տեղեկացրեց, որ այս պահին ծանր վիճակում է 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 15 հոգի։

Նախարարն անդրադարձավ նաև մի վտանգավոր միտումի՝ տարբեր արտադրական կոլեկտիվներում վարակման դեպքերին:

«Փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է մեծ բռնկում, որովհետև փաստացի երկու՝ մարտի սկզբից տարածված նման օջախներից մեկի պատճառով է, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում, կրկին արտադրամասում, և փաստացի հնարավոր է՝ նման սցենար ունենանք, ուստի կարևոր է հենց արտադրական ձեռնարկություններում բոլոր կանոնների պահպանումը՝ սկսած աշխատակիցների՝ գործի վայր ժամանելուց, աշխատանքի վայրում բոլոր կանոնները պահպանելուց նույնիսկ մինչև տուն գնալը»,-ասաց Թորոսյանը:

Նա նաև նշեց, որ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների իրավիճակը, և որպես օրինակ նշեց, որ արձանագրված դեպքերի մոտ 15-20 տոկոսը կարիք է ունենում հոսպիտալիզացիայի, մնացածն ուղարկվում է տնային բուժման առաջնային օղակի հսկողությամբ:

«Ամենօրյա ռեժիմով տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա: Եվ շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որ կարողանանք որևէ մեկին չթողնել առանց բուժօգնության, հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենն ապահովելը»,-ասաց Թորոսյանը: