Ձեր քաղաքական ցինիկ ակտիվությունը ուղիղ համեմատական է երկրում խորացող առողջական ճգնաժամին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

անի

«Երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել Դուք էլի չեք լրջանում»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

«Առողջապահության հարգելի՛ նախարար Արսեն Թորոսյան, իսկապես գովելի է այն, որ ունենալով Ձեզ պես ոլորտի ոչ կոմպետենտ և անլուրջ պատասխանատու, բժիշկները և բուժաշխատողները կարողանում են համբերատար և ամբողջ ուժերով կատարել իրենց առաքելությունը:

Երբ մարդիկ անհանգստանում էին մոտեցող համավարակով, դուք ծիծաղում էիք:

Երբ մարդիկ փորձում էին ինքնապաշտպանվել տարբեր միջոցներով, դուք ծիծաղում էիք:

Երբ մարդիկ ուզում էին, որ իրենց ձայնը լսելի դառնար, Դուք ծիծաղում էիք:

Հիմա, երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել Դուք էլի չեք լրջանում: Կա՛մ հարևան երկրների մասին ինքնագոհ կարծիք եք հայտնում, կա՛մ մարդկանց եք սարսափեցնում, կա՛մ ընդդիմադիր քաղաքական ուժին գերեզմանի դիագնոզ եք տալիս:

Ձեր քաղաքական ցինիկ ակտիվությունը ուղիղ համեմատական է երկրում օրեցօր խորացող առողջական և հոգեբանական ճգնաժամին:

Չնայած Դուք մեղավոր չեք: Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր»,-գրել է Սամսոնյանը: