Չորս զինվորի մահ․ վթարի հիմնական պատճառը դեռ պարզ չէ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

Նոյեմբերի 7-ին, ժամը 12։ 00֊ին, Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին զինվորական բեռնատար ավտոմեքենա է վթարի ենթարկվել, որի հետևանքով չորս զինվորներ մահացել են, կան վիրավորներ։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մահացածների անունները․ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան (1998թ․, Էրեբունու ԶԿ), Հրանտ Արայի Գասպարյան (1998թ. ծնված, Շահումյանի ԶԿ), Էդգար Արմենի Հունանյան (1998թ., Հրազդանի ԶԿ), Դավիթ Բենիամինի Մելքոնյան (1998թ., Թալինի ԶԿ)։

Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ մեքենայում 21 զինծառայող է եղել, նրանցից 19-ը՝ թափքում: Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ։ Զինվորներից 8-ը ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ։ Նրանց և մյուս 9 զինվորների կյանքին վտանգ չի սպառնում։

Ողբերգական ավտովթարից մահացած զինծառայողներից մեկը՝ 20-ամյա Դավիթ Մելքոնյանը, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ էր:  Համայնքապետ Խաչատուր Նորեյանի խոսքով՝ Դավիթը ձմռանը զորացրեվելու էր։

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում նշել է, որ դեռ հայտնի չէ՝ վթարը մարդկային գործոնի հետևա՞նք է, թե՞ տեխնիկական: Ըստ նրա՝ տեղի կունենա քննություն, և եթե կան մեղավորներ, ապա անպայման խստորեն կպատժվեն: