Լիբիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը ռազմավարական 2 շրջան են գրավել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News        

Թուրքիա

Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի Ազգային համաձայնություն կառավարության բանակի մամուլի խոսնակ Ալբայ Մուհամադ Քանունուն հայտարարել է, որ իրենց ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել ևս երկու շրջանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ ԼԱՀԿ-ի  զինվորական ստորաբաժանումները մտել են մայրաքաղաք Տրիպոլիի հարավում գտնվող Այն Զարի և Վադի էր-Ռեբի շրջաններ, որի արդյունքում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի Ազգային բանակի  զինվորները ստիպված են եղել նահանջել։ 

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ Հաֆթարի ուժերը վերջին ժամանակաշրջանում Լիբիայում տեղի ունեցող բախումների ընթացքում  զգալի  կորուստներ են կրել։ 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի Ազգային համաձայնություն կառավարության բանակը նախօրեին հայտարարել էր ռազմավարական նշանակություն ունեցող Տրիպոլիի միջազգային օդանավակայանի գրավման մասին։ 

Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ: