Կորոնավիրուսի առաջին դեպքը՝ Ջավախքում. Ղաուրմայի բնակչի թեստը դրական է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

կորոնա.ջավախք
«Ալիք Մեդիայի» հաղորդմամբ՝ հունիսի 2-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղից Գորիի ռազմական հոսպիտալ տեղափոխած 44 ամյա բնակչի թեստի պատասխանները դրական են եղել, ինչը նշանակում է, որ պացիենտը վարակված է կորոնավիրուսով:

Աղբյուրի հետ զրույցում Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը նշել է, որ Ղաուրմայի բնակչի մոտ թույլ դրական արդյունք է հայտնաբերվել:

«Պացիենտը վիրուսակիր է, սակայն կարող ենք ենթադրել որ վարակիչ չէ, քանի որ սիմպտոմներ չունի: Նրա ընտանիքի 4 անդամներին կտեղափոխեն կարանտինային գոտի: Ինչ վերաբերում է գյուղի մյուս բնակիչներին, դեռևս սպասում ենք հրահանգների, որպեսզի կատարենք հանձնարարությունները»,- ասել է Եղոյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին շտապ օգնության աշխատակիցները Գորիի ռազմական հոսպիտալ են տեղափոխել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակչին, ով վերջերս էր ժամանել Ռուսաստանից: Նա պարտադիր 14-օրյա կարանտին է անցել Գուդաուրիում, որտեղից վերադարձել է երկու օր առաջ` մայիսի 31-ին:

Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշել էր, որ իրենք հաղորդագրություն են ստացել այն մասին, որ նշված պացիենտի թեստի պատասխանների հետ կապված թյուրիմացություն է տեղի ունեցել: